Իր պաշտոնավարման ընթացքում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հոկտեմբերի 7-ին անցկացրեց առաջին մարզխորհրդի նիստը, որի օրակարգը հաստատվեց միաձայն:

 

ՀՀ ԱՎԾ Սյունիքի մարզային գործակալության պետ Վլադիմիր Գրիգորյանը ներկայացրեց մարզում գյուղատնտեսական համատարած հաշվառման անցկացման նախապատրաստական աշխատանքների ընթացքն ու խնդիրները:

 

Նախքան իր ելույթը սկսելը գործակալության պետը շնորհավորեց Սուրիկ Խաչատրյանին՝ մարզպետի պաշտոնում նշանակվելու առիթով: «Դեռեւս 2004թ. մարտի 25-ին նշանակվելով Սյունիքի մարզպետի պաշտոնում, ղեկավարման Ձեր կայուն եւ հուսալի մեթոդների, անձնական անսպառ եռանդի շնորհիվ Դուք կարողացել եք Սյունիքի մարզը հանրապետությունում դասել առաջատարների շարքու մ եւ այդ աշխատանքային մթնոլորտը կարողացել եք փոխանցել Ձեր շրջապատին եւ ենթականերին: Բարի վերադարձ, բարի գալուստ»,- նշեց Գրիգորյանը:

 

Ըստ վերջինիս զեկույցի, մարզում ստեղծվել է գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստման եւ անցկացման աջակցող մարզային հանձնաժողով' մարզպետի նախագահությամբ, կազմվել կազմակերպական պլաններ եւ դրանց հիման վրա ստեղծվել 6 հաշվառման եւ 243 հաշվային տեղամասեր: Այս պահին մարզային գործակալության տարածքային ստորաբաժիններում իրականացվում են հաշվառման կադրերի ուսուցման, հրահանգավորման եւ նրանց պատրաստվածության ստուգման աշխատանքներ:

 

Սյունիքում քաղպաշտպանության համակարգի կատարելագործմանն ուղղված միջոցառումների եւ խնդիրների մասին մարզխորհրդի նիստում զեկուցեց մարզային փրկարարական վարչության պետ, գնդապետ Արթուր Հարությունյանը: «Այսօր մարզում խնդիր է հեռավոր համայնքների եւ բնակավայրերի սպասարկման իրականացումը: Այդ նպատակով 2015թ.-ից նախատեսվում է մարզի հեռավոր գյուղական համայնքներում ստեղծել հրշեջ հենակետեր»,- հայտնեց վարչության պետը:

 

Մարզի համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի եւ առկա խնդիրների մասին ելույթ ունեցավ մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Թադեւոս Ղազարյանը: Նա նշեց, որ ինն ամիսների համար նախատեսված 993 մլն դրամի դիմաց սեփական եկամուտների փաստացի հավաքագրումը կազմել է 898 մլն դրամ կամ նախատեսվածի 90,5 տոկոսը:

 

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 4,5 տոկոս: Խոսելով գյուղատնտեսական աշխատանքների, համայնքներին բաշխված պարարտանյութի, սերմացուի եւ դիզվառելիքի գումարների հավաքագրման ընթացքի ու խնդիրների մասին' մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանը նշեց, որ մարզում ընթացքի մեջ է աշնանացանը: Նրա տվյալներով' այդ աշխատանքների համար մարզին հատկացվել է 800 տ առաջին վերատարդության աշնանացան ցորենի սերմացու:

 

Նիստն անդրադարձավ նաեւ մարզի համայնքներում 2014թ. առաջին կիսամյակում իրականացված վարչական հսկողության արդյունքների եւ առկա խնդիրների հարցին, Սյունիք եւ Շաքի համայնքներում առկա խնդիրներին:

 

Ամփոփելով մարզխորհրդի նիստը, մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, դիմելով համայնքների ղեկավարներն, ընդգծեց, որ աշխատելու են նախկին տեմպերով, լուրջ պատասխանատվությամբ, փոխադարձ վստահությամբ ու հարգանքով: Նա հանձնարարեց համայնքների ղեկավարներին մինչեւ հոկտեմբերի 20-ը սեփական եկամուտների հավաքագրման գործընթացը կատարել բավարար չափով:

 

«Այնպես չէ, որ երկար ժամանակով եմ բացակայել: Համոզված եմ, որ բոլորիդ խնդիրներին տեղյակ եմ: Օրվա 24 ժամը պատրաստ եմ պատասխանել ձեր հեռախոսազանգերին, եւ մարզպետարանն էլ պատրաստ է հրատապ խնդիրների լուծումները գտնել»,- համայնքների ղեկավարներին ասաց Սուրիկ Խաչատրյանը:

 

Գոհար Իսախանյան