ՀՀ օրհներգով և Հայ առաքելական եկեղեցու Արմավիրի թեմի առաջորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի աղոթքով Էջմիածնի Կոմիտասի անվան մշակույթի պալատում տեղի ունեցավ քաղաքի հիմնադրման 2699-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությունը: Միջոցառումն իր ներկայությամբ պատվել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Բացման խոսքում Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը բացահայտեց գաղափարախոսությունը, այն է' քաղաքի յուրաքանչյուր տարեդարձ նշել վերանորոգված մի փողոցով, շենքով: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը: 

 

«Այսօր ինձ շնորհավորողները շատ են, օգնողները' շատ քիչ: Կոմիտասի անվան մշակույթի պալատ, Մակար Եկմալյանի անվան երաժշտական դպրոց, Հովհաննես Հովհաննիսյանի անվան տուն-թանգարան, փողոցներ: Այս բոլոր վերանորոգված կառույցներն իրենց տերն ու անունն ունեն: Այս ամենը կատարվել է ՀՀ Նախագահի հովանու ներքո, որի համար շնորհակալություն եմ հայտնում: Սա մի յուրահատուկ վերաբերմունք է մեր քաղաքի հանդեպ»,- ասաց Կարեն Գրիգորյանը' Գրիգոր Լուսավորչի աջով, Ավետարանով և գեղարդով պատկերաված փոքրիկ հուշանվեր նվիրելով Սերժ Սարգսյանին:

 

Հայաստանի հոգևոր մայրաքաղաքը աշխարհի բազմաթիվ քաղաքների հետ քույր քաղաք է: Էջմիածնին շնորհավորելու նպատակով Հայաստան են ժամանել Ֆրեզնոյի, Իսի լե Մուլինոյի, Պետրոզավոդսկի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ:

 

Պետրոզավոդսկի քաղաքապետ Գալինա Շիրշինան նշեց, որ իրենց համար մեծ պատիվ է լինել քույր քաղաք Էջմիածնի հետ: «Հույս ունեմ' ապագայում էլ կզարգացնեն և կխորացնեն համագործակցությունը»,- ասաց Շիրշինան:

 

«Մենք մեզ սփյուռք չենք համարում, մենք հայորդի ենք, մեր նախագահն էլ դուք եք: Հայությունն ընդհանուր է, չկա սփյուռք և չկա հայրենիք: Կա մեկ ժողովուրդ, մեկ փրկություն»,- ասաց Իսի լե Մուլինոյի փոխքաղաքապետ Հարութ Խանջյանը:

 

Տոնակատարության ընթացքում քաղաքի պատվավոր բարեկամի կոչմանն արժանացան Էջմիածնի հիվանդանոցի տնօրեն Վաչագան Մկրտչյանն ու նկարիչ Ներսես Մելիքյանը: Ավելի ուշ նախագահը շրջեց քաղաքում: Կոմիտասի անվան հրապարակում Սերժ Սարգսյանը դիտեց ավտոշքերթն ու հանդիսավոր քայլերթը:

 

Էջմիածնի օրը հոկտեմբերի 8-ն է, սակայն Հայաստանի հոգևոր մայրաքաղաքի տոնը ավանդաբար նշվում է երեք օր: Տոնը հոկտեմբերի 8-ին նշելու առաջին և ամենակարևոր պատճառն այն է, որ 405 թվականին, երբ Մեսրոպ Մաշտոցը, Հայոց այբուբենով վերադառնում էր հայրենիք, հոկտեմբերի 8-ին Էջմիածնում դիմավորեց ժողովուրդը' Վռամշապուհ արքայի և Սահակ Պարթև Ամենայն հայոց կաթողիկոսի գլխավորությամբ: Եվ գրերի գյուտի պատվին երեք օր շարունակ տոնախմբություն եղավ Էջմիածնում: Էջմիածնի հիմնադրման 2699 ամյակի առթիվ տեղի կունենան մարզական և մշակութային միջոցառումներ, ցուցահանդեսների և խաղահրապարակների բացում: Տոնակատարությունները կեզրափակվեն հոկտեմբերի 8-ի երեկոյան Կոմիտասի անվան հրապարակում' համերգով և հրավառությամբ: