Ամերիկյան հայտնի «Նյու Յորք թայմս» պարբերականը «Էրդողանի վտանգավոր խաղը» խորագրով հոդված է հրապարակել, որում խստորեն քննադատել է Թուրքիայի նախագահի քաղաքականությունը իսլամիստների դեմ պայքարում:

 

Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական Demokrathaber.net-ը:

 

Հոդվածում նշվում է, որ ժամանակին Էրդողանը ջանք չէր խնայում իսլամական աշխարհի առաջնորդ դառնալու համար, մինչդեռ հիմա ոչ մի քայլ չի ձեռնարկում իր սահմանին կախված վտանգը չեզոքացնելու նպատակով: Թերթի հավաստմամբ' Թուրքիան առաջնորդվում է իր քաղաքական շահերով և նպատակ է հետապնդում ոչ միայն ստեղծված իրադրությունն օգտագործել քրդերին թուլացնելու նպատակով, այլև ԱՄՆ գլխավորած կոալիցիային ստիպել իշխանաթող անել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին:

 

«Էրդողանի պահվածքը սազական չէ ՆԱՏՕ-ի անդամ դաշնակից երկրի: Նա այնքան մեծ ցանկություն ունի հեռացնելու Բաշար Ասադին, որ հնարավորություն է ընձեռել դրսևորվել ԻԼԻՊ-ին և այլ զինյալների, որոնք առանց խոչընդոտի անցել են Թուրքիայի սահմանը, փող և զենք են ստացել»,- նշվում է հոդվածում: Ամերիկյան պարբերականը գրում է, որ եթե Թուրքիան շարունակի հրաժարվել պաշտպանել թուրք-սիրիական սահմանին գտնվող Քոբանի քաղաքը և լրջորեն պայքարել ԻԼԻՊ-ի դեմ, ապա այսպիսով միայն կնպաստի ահաբեկիչների դիրքերի ամրապնդմանը և իր իսկ սահմանին երկարատև անկայուն վիճակի հա ստատմանը: