Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը հոկտեմբերի 2-8-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցել է 2-3 բալ ուժգնությամբ թույլ ստորգետնյա ցնցում: Վերջինս տեղի է ունեցել հոկտեմբերի 4-ին Քաջարան քաղաքից 10 կմ դեպի հյուսիս:

 

Երկրաշարժն զգացվել է Քաջարան քաղաքում' 2-3 բալ ուժգնությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՍՊԾ գործակալությունից, նույն ժամանակահատվածում տարածաշրջանում գրան ցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 5 երկրաշարժ, որից երկուսը' 3-ից մինչև 5 բալ ուժգնությամբ, Ադրբեջանի Ղազախ քաղաքի տարածքում: Հոկտեմբերի 2-ին 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Բիթլիս քաղաքից 39 կմ դեպի հարավ-արևելք:

 

Հոկտեմբերի 4-ին 6-7 բալ ուժգնությամբ սեյսմիկ իրադարձություն է գրանցվել Ադրբեջան-Ռուսաստան (Դաղստան) սահմանային գոտում, որի էպիկենտրոնը գտնվում էր Գաբալա (Կուտկաշեն) քաղաքից 10 կմ դեպի հյուսիս-արևելք: Հոկտեմբերի 6-ին Իրանի Խոյ քաղաքից 47 կմ դեպի հյուսիս-արևմուտք գտնվող էպիկենտրոնով երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4 բալ:

 

Տարածաշրջանից դուրս հոկտեմբերի 2-8-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 6 և ավելի մագնիտուդով 2 երկրաշարժ: Հոկտեմբերի 7-ին Չինաստանի Յուննան նահանգի Պուեր քաղաքի շրջանում տեղի ունեցած 6 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով կա 5 մարդկային զոհ և 325 վիրավոր, մասամբ ավերվել են բնակելի տներ: Հաջորդ օրը 6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի Էլդորադո քաղաքից 116 կմ դեպի հարավ-արևմուտք: Երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան: