Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հոկտեմբերի 9-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական դպրոցի ճանաչողական այցով Ստեփանակերտ ժամանած ուսանողների պատվիրակությանը' դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Կարեն Միրզոյանը կարևորել է ապագա դիվանագետների ավանդական բնույթ ստացած այցը Արցախ՝ նրա քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքի մասին մանրամասն կարծիք կազմելու առումով։

 

Հանդիպման ընթացքում արտաքին գործերի նախարարը դիվանագիտական դպրոցի ուսանողներին ներկայացրել է ԼՂՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, անդրադարձ է կատարվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման և ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղությամբ գործարկվող քայլերին։

 

Կարեն Միրզոյանը նաև պատասխանել է մասնակիցների բազմաթիվ հարցերին: