Եվրասիական տնտեսական միությանն անադամակցելուց երկու տարի հետո Հայաստանում տեսանելի կլինի դրական ազդեցություն միկրոտնտեսության բնագավառում: Ավելի կամրապնդվի երեք երկրների' Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի արագ աճող առևտրաշրջանառությունը Հայաստանի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' Մինսկում ընթանացող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ այս մասին ասաց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:

 

«Մեր կարծիքով' Հայաստանը պատրաստ է Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախաստանի հետ համահավասար աշխատել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: 2013 թվականի աշնանից ի վեր' այս կարճ ժամանակահատվածում, մեր հայ գործընկերները շարունակել են տնտեսական բարեփոխումները' այն հասցնելով ընդհանուր չափանիշներին, իսկ ազգային օրենսդրությունը համապատասխանեցրել մեր ինտեգրացիոն միության նորմերին:

 

Հույս ունենք, որ Եվրասիական տնտեսական միությանը միանալուց հետո առաջին երկու տարուց Հայաստանում տեսանելի կլինի դրական ազդեցություն միկրոտնտեսության բնագավառում: Երեք երկրների առևտրաշրջանառությունը Հայաստանի հետ արդեն բարձր տեմպերով աճ է արձանագրել' տարեկան ավելանալով 10 տոկոսով:

 

Մաքսային և ադմինիստրատիվ պատնեշների վերացումից հետո նման դրական միտումը, հույս ունեմ, որ ավելի կամրապնդվի: Պետք է բարելավվեն նաև տնտեսական մյուս առանցքային ցուցիչները' սպառողական պահանջարկ, բնակչության իրական երկամուտը և զբաղվածությունը»,- ասաց ՌԴ նախագահը:

 

Նիստի ընթացքում Հայաստանը կմիանա Եվրասիական տնտեսական միության հիմնադիր փաստաթղթերին' 2015 թվականի հունվարի 1-ից դառնալով Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ: Նիստին քննարկվել է նաև Վիետնամի, Իսրայելի, Հնդկաստանի և Եգիպտոսի հետ համագործակցության կարգավորման հարցը: Հանդիպման մասնակիցները նաև քննարկել են Միությանը Ղրղզստանի միացման ճանապարհային քարտեզի իրականացման ընթացքը: Պուտինը հրավիրեց Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի մյուս նիստն անցկացնել Մոսկվայում դեկտեմբերին: