Երևանը բաց և պատրաստակամ է քննարկելու փոխշահավետ համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված նոր առաջարկներ և նախաձեռնություններ: Այս մասին հայտնել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը' ողջունելով Սանկտ Պետերբուրգի պատվիրակության անդամներին:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի հասարակայնության և տեղեկատվության կապի վարչությունից, «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երևան այցելած Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Օլգա Կազանսկայայի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է Երևանի քաղաքապետարանում:

 

«Մեր փոխգործակցությունն այսօր զարգանում է 2011-2014 թթ. համագործակցության ծրագրի շրջանակում, և հաշվի առնելով ստեղծված աշխատանքային խմբերի փոխհամաձայնեցված և արդյունավետ աշխատանքը՝ վստահ եմ, որ մենք կունենանք այն արդյունքները, որոնք նախանշել ենք: Համոզված եմ նաև, որ մեր այս հանդիպումը ևս գործնական նոր որակ կհաղորդի Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև կառուցողական ծրագրերի իրականացմանը»,- ընդգծել է քաղաքապետը:

 

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և փոխանցելով նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի ջերմագին ողջույնները՝ փոխնահանգապետ Օլգա Կազանսկայան նախ շնորհավորել է Տարոն Մարգարյանին Երևանի օրվա կապակցությամբ, ապա նշել, որ Երևանի հետ հարաբերությունները Սանկտ Պետերբուրգի համար առանձնակի կարևորված են, ու ակնհայտ է, որ երկու քաղաքների փոխգործակցությունն իսկապես մեծ ներուժ ունի:

 

«Երևանը ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի համար կայուն և վստահելի գործընկեր է, և մենք կարևորում ենք երկուստեք փոխգործակցության ընդլայնումը: Վստահեցնում եմ, պարոն քաղաքապետ, որ Երևանը մեզ համար հարազատ է ոչ միայն որպես բարեկամ, այլ նաև որպես գործընկեր քաղաք, և մենք բարձր ենք գնահատում կառուցողական գործընկերային այն մթնոլորտը, որն առկա է մեր հարաբերություններում:

 

Մենք միշտ մեծ սիրով ենք մասնակցում Երևանի օրվան նվիրված տոնակատարություններին ու վստահ ենք, որ հերթական անգամ հրաշալի տպավորություններով ենք վերադառնալու Սանկտ Պետերբուրգ»- նշել է Օլգա Կազանսկայան: