«Mediamall.am» լրատվականը ներկայացնում է անցնող օրվա կարևորագույն իրադարձություններն՝ ամփոփ.


«Ռոբերտ Քոչարյանը երեկվա հանրահավաքի պատվիրատուն էր»

 

Երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքին ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հերքեց ասեկոսներն այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանը որևէ առնչություն ունի հանրահավաքի հետ:

 

«Հակառակ հորինված բամբասանքների՝ ՕԵԿ-ն ու Ռոբերտ Քոչարյանն այս շարժման հետ որևէ առնչություն չունեն: Եթե նրանք ունեն ցանկություն՝ սարգսյանական ռեժիմի դեմ պայքարելու, մեզնից անկախ կամ մեզ զուգահեռ, թող պայքարեն ռեժիմի դեմ, մենք նրանց չենք խանգարի, անգամ շնորհակալ կլինենք»,- ասաց Տեր-Պետրոսյանը:

 

Երեկվա հանրահավաքի՝ հասարակությանն ուղղված մեսիջների մասին, Լուրեր.com-ը զրուցեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանի հետ:

Վերջինս նշեց, որ հանրահավաքին հետևել է լրատվամիջոցներով, հպանցիկ. «Սովորական հանրահավաք էր: 90 տոկոսը բերված ԲՀԿ-ի կողմից: Նոր ասված ոչինչ չկար»,- ասաց Մակեյանը:

 

Նրա խոսքով՝ միակ «նորն» այն էր, որ փորձ արվեց արդարանալ և ասել, որ Քոչարյանն այս ամենի հետ կապ չունի.

«Տեր-Պետրոսյանն ասաց, որ Քոչարյանն այս ամենի մեջ չկա: Այս արդարանալը նշանակում է, որ իրոք, Քոչարյանը հարթակում չկա, բայց Քոչարյանն այս հանրահավաքի պատվիրատուն էր: Երեկ Քոչարյանի «ընտանիքի» շահերը պաշտպանող հանրահավաք էր' ընդդեմ Սարգսյանի «ընտանիքի» շահերի»,- ասաց Մակեյանը:

 

***

 

Գիտնականները կազմել են աշխարհում Էբոլայի հնարավոր տարածման քարտեզը

 

Գերմանացի գիտնականների կազմած վարկանիշի համաձայն՝ աշխարհում բոլոր խոշորագույն ավիահանգույցների թվում շնչառական հիվանդություններով, ներառյալ Էբոլա տենդով վարակվելու առավել մեծ վտանգին այժմ ենթակա են Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտի օդանավակայանի ուղեւորները: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս եզրակացությանն են հանգել Սաարբրյուկենի Մաքս Պլանկի ընկերության ինֆորմատիկայի ինստիտուտի գիտնականները:

 

Նրանք կազմել են աշխարհի օդանավակայաններում համաճարակների տարածման հավանականության մաթեմատիկական մոդելը, ընդ որում՝ հիմնվելով 3458 օդանավակայանների տվյալների վրա, որտեղից չվերթներ են իրականացվում 68 հազար 620 երթուղիներով եւ 171 տեսակի ինքնաթիռներով:

 

Ինչպես նշում Է Rheinische Post թերթը, շնչառական հիվանդությունների, ինչպես նաեւ Էբոլա տենդի տարածման վտանգն ամենից ավելի բարձր Է Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտի խոշորագույն օդանավակայանում, որտեղ այն, ըստ գիտնականների գնահատումների, կազմում Է շուրջ 100 տոկոս: Դրա պատճառը օդանավակայանի կողմից իրականացվող չվերթերի մեծ քանակությունն Է:

 

97 տոկոս ռիսկով երկրորդ տեղում Է Պեկինի օդանավակայանը, որին հաջորդում Է Լոնդոնի Heathrow օդանավակայանը՝ 92 տոկոս, ինչպես նաեւ Նյուրքի Ջոն Քենեդու անվան միջազգային օդանավակայանը՝ 91 տոկոս, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

***

 

Չինաստանում սողանքի հետևանքով 20 մարդ է զոհվել

 

Առնվազն 19-ը մարդ զոհվել և երկուսը վիրավորվել են Չինաստանի հյուսիսարևմտյան Շենսի նահանգում: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:

 

Սողանքը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան շինարարության վայրում՝ ոչնչացնելով աշխատողների ութ ժամանակավոր ապաստան: Ինը մարդ տեղում մահացել է, 10 վիրավոր ավելի ուշ մահացել են հիվանդանոցում:

 

Տեղական իշխանությունները շինարարության տարածքում երկրաբանական ուսումնասիրություններ են իրականացնում նոր բնական աղետները կանխելու համար:

 

***

 

Հովիկ Աբրահամյանը մասնակցել է Հայաստանի անկախության տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելությանը

 

Հոկտեմբերի տասին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում մասնակցել է Հայաստանի անկախության տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելությանը, որին ներկա են եղել Վաշինգտոնում հավատարմագրված դեսպաններ, ԱՄՆ պետքարտուղարության, կառավարական այլ գերատեսչությունների, ՀԲ ու ԱՄՀ բարձրաստիճան ներկայացուցիչներ, հայկական կազմակերպությունների ղեկավարներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Վարչապետը հանդես է եկել ելույթով: Դիմելով ներկաներին նա, մասնավորապես, ասել է.

«Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ: Ճիշտ է, այստեղ մենք միասին մի փոքր ուշացումով ենք նշում ՀՀ Անկախության օրը' Սեպտեմբերի 21-ը, բայց էականը դա չէ, այլ այն, որ Հայոց անկախ պետականության ամեն օրը թանկ է մեզ համար: Ամեն մի օրը աշխատանքի և արարման օր է, մեր երկիրը մի քայլ էլ առաջ տանելու, մի խնդիր էլ լուծելու, մի հոգս էլ դարմանելու օր է: Ամեն օրը համակողմանի զարգացման տանող մի նախաձեռնություն սկսելու կամ պետական կառույցն ամրացնող մի քար էլ դնելու օր է: Համենայն դեպս Հայաստանի կառավարության անունից կարող եմ ասել, որ մենք փորձում ենք, և մեր ջանքերը գործադրում ենք հենց այս տրամաբանությամբ:

Հայաստանի անկախությունը մեզ հնարավորություն է տվել ինքներս ընտրել մեր ապագան: Եվ մենք ընտրել ենք. ընտրել ենք բոլորս միասին, ընտրել ենք որպես մեկ միասնական հայ ժողովուրդ: Ընտրել ենք ապագա, որտեղ համայն հայության հայրենիք Հայաստանը դինամիկ զարգացող, ժամանակակից երկիր պետք է լինի:

Շարունակությունն՝ այստեղ:

 

***

 

Սպանություն Երևանում. հայտնաբերված դիակի գլխի վրա հրազենային վնասվածք է եղել

 

Հոկտեմբերի 11-ին՝ առավոտյան՝ ժամը 08։20-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Քանաքեռում՝ գնացքի գծերի մոտ, կա տղամարդու դիակ։ Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

 

Ահազանգի հիման վրա անմիջապես դեպքի վայր է մեկնել օպերատիվ- քննչական խումբը: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ծարավ Աղբյուր փողոցի վրա գտնվող ռուսական զորամասի հարևանությամբ՝ գնացքի գծերի մոտ, հայտնաբերվել է 25-30 տարեկան տղամարդու դի՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով։

 

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասով։

Ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-քննչական միջոցառումներ՝ սպանված երիտասարդի ինքնությունը, սպանության հանգամանքները և առերևույթ հանցագործություն կատարած անձին պարզելու ուղղությամբ։

 

***

 

Տարոն Մարգարյանը հանդիպել է Կրասնոդարի քաղաքապետի հետ

 

«Էրեբունի-Երևան 2796» տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երևան այցելած՝ Կրասնոդարի քաղաքապետ Վլադիմիր Եվլանովի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ:

 

Շնորհակալություն հայտնելով Երևանի օրը միասին տոնելու հրավերն ընդունելու համար, որի շրջանակում նախորդ օրը երկու քաղաքապետերը ստորագրել են նաև Երևանի և Կրասնոդարի միջև համագործակցության համաձայնագիր, Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ ըստ այդմ արդեն առաջիկայում գործնական ծրագրեր կիրականացվեն նաև Կրասնոդարի հետ. «Երևանն այսօր փոխշահավետ համագործակցության իսկապես մեծ ներուժ ունի, և ես համոզված եմ, որ մեզ իրոք կհաջողվի ունենալ արդյունավետ համագործակցություն:

 

Այս համատեքստում իսկապես կարևոր քայլ եմ համարում Երևանի և Կրասնոդարի միջև ակտիվ համագործակցություն ծավալելու համաձայնագրի ստորագրումը, ինչն, անշուշտ, լրացուցիչ խթան կհանդիսանա երկու քաղաքների բարեկամությունն առավել ամրապնդելու և այն նոր հիմքերի վրա դնելու համար»,- նշել է Տարոն Մարգարյանը:

 

Շնորհակալություն հայտնելով Երևանի գործընկերոջը համագործակցություն հաստատելու առաջարկը սիրով ընդունելու և այն համաձայնագրի վերածելու, ինչպես նաև Երևանի օրվան նվիրված տոնակատարություններին մասնակցելու հրավերի համար' Կրասնոդարի քաղաքապետ Վլադիմիր Եվլանովն իր հերթին վստահեցրել է, որ կանի հնարավորը, որպեսզի արդեն առաջիկայում նախանշված բոլոր ուղղություններով ծրագրերը գործնական ընթացք ստանան. «Վստահ եմ, որ մենք՝ Ձեզ հետ միասին, կարճ ժամանակ անց անպայման կարձանագրենք հաջողություններ երկու քաղաքների փոխշահավետ համագործակցության դաշտում: Երևանը մեզ համար իսկապես հարազատ քաղաք է, ու համոզված եմ, որ մեր բարեկամությունն անպայման կվերաճի նաև վստահելի ու հեռանկարային գործընկերության, որի ներուժն առկա է այսօր թե՛ Երևանում և թե՛ Կրասնոդարում:

 

Ի դեպ, խոստովանեմ, պարոն քաղաքապետ, որ առաջին անգամ եմ Երևանում և Ձեր հրաշք քաղաքն իսկապես գերել է ինձ ու մեր պատվիրակության բոլոր անդամներին: Ակնհայտ է, որ քաղաքի համաչափ զարգացման ուղղությամբ Դուք լուրջ և հետևողական ծրագրեր եք իրականացնում, ինչն, անշուշտ, տպավորիչ է և ոգևորող, որ մեր համագործակցությունը ևս կլինի արդյունավետ»,- ընդգծել է Կրասնոդարի քաղաքապետն ու օգտվելով առիթից' պաշտոնապես հրավիրել է Երևանի քաղաքապետին հյուրընկալվել Կրասնոդարում:

 

Հանդիպման շրջանակում կողմերը պայմանավորվել են ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք կքննարկեն ստորագրված համաձայնագրով նախատեսված ուղղություններով գործնական քայլերի ժամանակացույցը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

***

 

Ռուսաստանի պաշտպանության նախարարը կայցելի Ադրբեջան

 

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն կայցելի Ադրբեջան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական Contact.az-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Այցը կկայանա հոկտեմբերի 13-ին:

 

Այցի շրջանակներում պաշտպանության նախարարը կհանդիպի Ադրբեջանի իր գործընկերոջը' Զաքիր Հասանովին: Երկու երկրի պաշտպանության նախարարները համաձայնագիր կստորագրեն ռազմական գերատեսչությունների համագործակցության վերաբերյալ:

 

***

 

Բերմուդյան կղզիներին սպառնում է «Ֆեյ» մերձարևադարձային փոթորիկը

 

«Ֆեյ» մերձարևադարձային փոթորկի ձևավորման օջախը գտնվում է Ատլանտյան օվկիանոսում և շարժվում է դեպի Բերմուդյան կղզիներ: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ամերիկյան փոթորիկների մոնիթորինգի ազգային կենտրոնի փորձագետներին:

 

Կանխատեսումների համաձայն՝ փոթորկի ուժգնությունը կաճի և կիրակի առավոտյան կարող է հասնել Բերմուդյան կղզիներ:

«Ֆեյ» փոթորիկը թվով վեցերորդն է Ատլանտյան օվկիանոսում այս սեզոնի ընթացքում, որը տևում է հունիսի 1-ից մինչև նոյեմբերի 30-ը:

 

***

 

Պայթյուն' խանութում. կա տուժած

 

Հոկտեմբերի 11-ին, ժամը 09.00-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում տեղի է ունեցել պայթյուն. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Ս. Ս.-ին պատկանող Ա2 թաղամասի 12-րդ փողոցի 1/4 հասցեում գտնվող մթերային խանութում տեղի է ունեցել պայթյուն:

 

Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը՝ 1986 թ. ծնված Վ. Բ.-ը և 1974 թ. ծնված Ս. Մ.-ը, ստանալով տարբեր աստիճանի այրվածքներ, հոսպիտալացվել են Մարտունու ԲԿ, այնուհետև Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն:

 

Բժիշկները Վ .Բ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ս. Մ-ինը՝ կայուն ծանր:

 

***

 

Տանը և բակում ամենուր արյուն էր. Գուգարքում կատարված սպանության հետքերով

 

Առաջարկում ենք դիտել' «Տանը և բակում ամենուր արյուն էր. Գուգարքում կատարված սպանության հետքերով» վերտառությամբ ՀՀ ոստիկանության պատրաստած տեսանյութը.

 

 

***

 

Հակոբ Ինջիղուլյանը հարցաքննվել է

 

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում շարունակվում է ժամկետային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանի՝ հակառակորդի մոտ հայտնվելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում քննություն է տարվում՝ պարզելու ինչպես նրա՝ հակառակորդի տարածքում հայտնվելու հանգամանքները, այնպես էլ՝ գերության մեջ նրա գտնվելու պայմանները։

 

Նախաքննության ընթացքում հարցաքննվել է նաև հայրենիք վերադարձած հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը, ով մանրամասն նկարագրել է, թե ինչպես է հայտնվել հակառակորդի տարածքում և գերեվարվել, ինչպես նաև՝ գերության մեջ գտնվելու ընթացքում իր նկատմամբ կիրառված բռնությունների մասին։

 

Հաշվի առնելով քրեական գործի նախաքննության նկատմամբ հանրային հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ Հակոբ Ինջիղուլյանը, մասնավորպես, ցուցմունք է տվել, որ հակառակորդի տարածքում է հայտնվել՝ մոլորվելու արդյունքում։

 

Ըստ ցուցմունքի՝ դեպքի օրը՝ ժամը 20:00-ի սահմաններում, գնացել է դասակի դիրք' ջուր բերելու համար: Ջրի տարան ջրով լցնելուց հետո դասակի հրամանատարից ծխախոտ է խնդրել, ծխելով դուրս եկել դիրքի զուգարանի մոտով' նույն տեղով, որով եկել է: Քանի որ արդեն մթնել էր, վատ տեսողության պատճառով չի կարողացել ճիշտ կողմնորոշվել տեղանքում և հեռվում տեսնելով էլեկտրական լույս՝ գնացել է լույսի ուղղությամբ ու նկատել մի տնակ, որի դուռը բացելով՝ տեսել է չորս մարդ:

 

Հարցրել է նրանց՝ որտեղ է գտնվում մարտական կիրառման շրջանը: Նշված մարդկանցից մեկը խոսել է «թուրքերեն» լեզվով, և ինքը հասկացել է, որ մոլորվելու հետևանքով հասել է հակառակորդի գյուղ: Շարունակությունն՝ այստեղ:

 

***

 

Իրադրությունն՝ առաջնագծում

 

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հոկտեմբերի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 400 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3300 կրակոց:

 

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն տիրապետել են իրադրությանն առաջնային գծում և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

 

***

 

UWC Դիլիջան քոլեջը կրթական նոր որակների հիմքն է հանդիսանալու. Ռուբեն Վարդանյան

 

UWC Դիլիջան քոլեջի գործունեությունը շատ կարեւոր է Հայաստանի համար եւ միտված է ապագային: Երկրի ապագան կրթված սերունդն է, եւ այդ առումով դպրոցը լուրջ առաքելություն ունի: Գնահատականը դպրոցի հիմնադիր-գործընկերների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանինն է:

 

Դիլիջանի միջազգային դպրոցի պաշտոնական բացումից ժամեր առաջ Ռուբեն Վարդանյանն առաջին հերթին շնորհակալություն է հայտնում գործընկերներին, ովքեր հավատացին այդ ծրագրին եւ գումար տրամադրեցին դպրոցի կառուցման համար:

 

«Ես խորապես համոզված եմ, որ կրթությունն ազգի, պետության հաջողության հիմքն է: Եթե ազգը կրթված է' ապա այն կարող է լուրջ ձեռքբերումներ գրանցել տնտեսական եւ մնացած ոլորտներում: Հույս ունեմ, որ այս դպրոցը լավ օրինակ կծառայի կրթական նոր չափանիշների համար: Դպրոցը գիտության ու նոր կրթական որակների հիմքը կհանդիսանա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ռուբեն Վարդանյանը:

 

UWC Դիլիջան քոլեջի Արեւելյան Եվրոպայում եւ ԱՊՀ տարածքում առաջին նման կառույցն է: Ընդունելության առաջին տարին դպրոցն ընդունել է 96 աշակերտի աշխարհի մոտ 50 երկրից: Դիլիջանի միջազգային դպրոցը լայնամասշտաբ բարեգործական նախաձեռնություն է, շինարարությունն իրականացվում է ավելի քան 200 դոնորների միջոցների հաշվին:

 

UWC Դիլիջան քոլեջում այժմ դասավանդում է 25 ուսուցիչ: Ուսուցումն անգլերեն է եւ իրականացվում է աշխարհի առաջատար համալսարանների կողմից ճանաչված IB Diploma ծրագրով: 2017 թ. կսկսվի 13-14 տարեկան աշակերտների ընդունելությունը IGCSE ուսումնական ծրագրով: