Երևանի 2796-ամյակի կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տարբեր ոլորտներում բազմամյա գործունեության և վաստակի համար մի շարք անձանց պարգևատրել է հուշամեդալներով և շնորհել կոչումներ:

 

Շնորհավորելով մայրաքաղաքի ծննդյան օրվա առթիվ՝ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել նվիրված աշխատանքի ու ներդրման համար, որն ուղղված է ի բարօրություն Երևանի և երևանցու:

 

«Վստահ եմ, որ մեր սիրելի քաղաքի ծննդյան օրը կրկնակի տոն է բոլոր նրանց համար, ովքեր իրենց ամենօրյա նվիրված աշխատանքով արել ու անում են հնարավորը, որ Երևանն ավելի գեղեցիկ, ավելի հարմարավետ ու ավելի լավը դառնա: Եվ որ ոչ պակաս կարևոր է՝ բոլոր այդ մարդիկ իրենց աշխատանքն արել ու անում են ոչ թե ի շահ իրենց, այլ ի շահ սիրելի քաղաքի բարօրության: Նրանք, իրականում, Երևանին մշտապես վերաբերվել են որպես տան ու իրենց սրտացավությամբ փորձել են է՛լ ավելի ամրապնդել հարազատ օջախի հիմքը: Եվ տոնական այս օրը ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել բոլոր այդ մարդկանց՝ իրենց նվիրումի ու անշահախնդիր աշխատանքի համար: Վստա՛հ եղեք, որ նման նվիրումը երբեք չի վրիպում մեր ուշադրությունից»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

 

Երևանի 2796-ամյակի կապակցությամբ Երևան քաղաքին մատուցած բացառիկ ծառայությունների և մայրաքաղաքի բարօրությանն ուղղված երկարամյա ու արդյունավետ գործունեության համար Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով են պարգևատրվել Ռալֆ Յիրիկյանը, Եվգենի Բիբինը, Լուսիկ Ագուլեցին, Հակոբ Աբրահամյանը, Արմեն Ալավերդյանը, Գառնիկ Մովսիսյանը, Գոռ Գրիգորյանը, Հասան Թամոյանը, Ռուզան Ասատրյանը, Ռոբերտ Կարայանը, Հարություն Թոփիկյանը, ինչպես նաև Ղուկաս Ուլիխանյանը, Արթուր Մկրտչյանը, Արմեն Գևորգյանը, Գառնիկ Հովսեփյանը, Աշոտ Ղարիբյանն ու Մերուժան Ասատրյանը:

 

Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով պարգևատրվել են նաև Ռոման Գաբրիելյանը, Արկադի Հարությունյանը, Գևորգ Շամիլյանը, Էրիկ Ամիրխանյանը և Հայկ Իսպիրյանը՝ հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած խիզախության, արիության և նվիրումի համար:

 

Առողջապահության ոլորտում ձեռք բերած ակնառու հաջողությունների ու բացառիկ ավանդի համար համալսարանական թիվ 1 հիվանդանոցի պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար, Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի պլաստիկ վիրաբուժության ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արտավազդ Սահակյանին շնորհվել է Երևան քաղաքի պատվավոր բժիշկ կոչումը:

 

Երևան քաղաքի մշակութային կյանքում ունեցած նշանակալի ավանդի և մասնագիտական երկարամյա գործունեության համար դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ասատրյանն էլ արժանացել է Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործչի կոչմանը:

 

Սպորտի բնագավառում ունեցած մեծ վաստակի և մասնագիտական երկարամյա գործունեության համար Երևան քաղաքի սպորտի պատվավոր գործիչ կոչումը շնորհվել է ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ Ռազմիկ Ստեփանյանին:

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Նարինե Բալայանին սոցիալական ապահովության ոլորտում տարվող աշխատանքներում ձեռք բերած ակնառու հաջողությունների և երկարամյա ու անբասիր պետական-հասարակական գործունեության համար շնորհվել է Երևան քաղաքի պատվավոր սոցիալական ծառայող կոչումը:

 

Ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում ունեցած մեծ ավանդի և նշանակալի գործունեության համար Երևան քաղաքի պատվավոր շինարար կոչումն էլ շնորհվել է Վլադիմիր Մարգարյանին:

 

Երևան քաղաքի 2796-րդ տարեդարձի առթիվ քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից Երևան քաղաքում արդյունավետ գործունեություն ծավալելու համար «Երևան» ոսկե հուշամեդալով են պարգևատրվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Նորքի հայորդաց տան, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի և ՀՕՖ հայաստանյան մասնաճյուղի աշխատակազմերը:

 

Մեկ անգամ ևս շնորհավորելով բոլոր պարգևատրվածներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նորանոր հաջողություններ է մաղթել գործունեության մեջ և համոզմունք է հայտնել, որ Երևանի զարգացումն անմիջականորեն շաղկապված է յուրաքանչյուրի սրտացավ ու նվիրված աշխատանքի հետ:

 

Վերջիններս շնորհակալություն են հայտնել քաղաքապետին մշտական ուշադրության և գնահատանքի համար՝ ընդգծելով, որ ստացած պարգևը պարտավորեցնում է անելու ավելին սիրելի մեծ տան՝ քաղաքամայր Երևանի համար: