Սերբիան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար: Այս մասին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սերբիայի Նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը: «Մենք աջակցում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին' Մինսկի խմբի սկզբունքների հիման վրա, և ձեզ հաջողություն ենք մաղթում ձեր իրավունքների պաշտպանության գործում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Նիկոլիչը:

 

Նա ընդգծեց, որ Սերբիան շնորհակալ է Հայաստանին Կոսովոյի հարցում որդեգրած դիրքորոշման համար: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանին Կոսովոյի անկախությունը չճանաչելու և այնտեղ խաղաղապահ առաքելություն իրականացնելու համար: Հայ խաղաղապահները Կոսովոյում նպաստել են խաղաղության պահպանմանը, փրկել են նաև սերբերի կյանքեր, ինչպես նաև պահպանել են Կոսովոյում Սերբիայի մշակութային ժառանգությունը»,- ասաց Նիկոլիչը:

 

Սերբիան ցաննկանում է դառնալ ԵՄ անդամ երկիր, սակայն չի պատրաստվում հրաժարվել իր մյուս բարեկամներից: Տոմիսլավ Նիկոլիչի խոսքով՝ իրենք չեն պատրաստվում հանուն իրենց բարեկամների հրաժարվել ԵՄ անդամակցությունից, սակայն, ԵՄ անդամ դառնալով, չեն պատրաստվում հրաժարվել իրենց բարեկամներից: «Մենք այս ճանապարհին չենք վնասելու մեր բարեկամական հարաբերությունները որևէ երկրի հետ: Այս պահին Սերբիան դժվար ժամանակներ է ապրում, և մենք պետք է փորձենք դուրս բերել մեր երկիրն այդ դժվար իրավիճակից»,- նշեց նա: