Հոկտեմբերի 12-ին, ժամը 18.40-ին, Վարդենիսի կայազորային հոսպիտալից ոստիկանության Վարդենիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ նույն օրը, ժամը 18.05-ին, հրազենային վնասվածքի հետքով իրենց մոտ է տեղափոխվել Վարդենիս քաղաքի բնակիչ, 1981 թ. ծնված Արման Մանուկյանի դիակը:

 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, Բանավան թաղամասում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենային է մոտեցել 1982 թ. ծնված Սարգիս Գ.-ի վարած «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան, որի սրահից իջել է 1980 թ. ծնված Սասուն Կարապետյանը և իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգը նշված ավտոմեքենայի պատուհանից մտցնելով ներս՝ դրել է Արման Մանուկյանի որովայնին և կրակել, որից հետո դիմել են փախուստի:

 

Ա. Մանուկյանը Վարդենիսի կայազորային հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

 

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ' սպանությունը կատարելու մեջ կասկածվող անձը' 1980 թ. ծնված Սասուն Կարապետյանը, նույն օրը, ժամը 23.10-ին, ներկայացել է ոստիկանության Վարդենիսի բաժին, ներկայացրել հանցագործության գործիք «ԱԿՍ» տիպի 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգը և հայտնել, որ ժամը 17.00-ի սահմաններում, Վարդենիս քաղաքի «Պասյոլոկ» կոչվող տարածքի կաթսայատուն չհասած ճանապարհին, վիճաբանության ժամանակ, Ա. Մանուկյանի վրա կրակել է ինքը:

 

Սասուն Կարապետյանը ձերբակալված է:

 

Ձեռնարկվում են միջոցառումներ «Մերսեդես Բենց»-ի վարորդ Սարգիս Գ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

 

Նշանակվել են փորձաքննություններ: