Արարատի մարզի Այգեպատ գյուղի բնակիչ Արայիկ Առաքելյանի դաշտում կապած հորթը հոկտեմբերի 13-ի գիշերը գայլերի բաժին է դարձել: Գայլերն անվանաս են թողել հորթի կողքին այդ պահին գտնված կթու կովին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ Քրիստինե Խաչատրյանը, չնայած դաշտում շարունակվում է բերքահավաքը, միաժամանակ աշնանացանի ոռոգումը, որը կատարվում է թե ցերեկային եւ թե գիշերային ժամերին, այնուամենայնիվ, գայլերը չեն վախենում բնակիչներից, եւ հարձակվում են ընտանի կենդանիների վրա: Խաչատրյանը նշեց, որ սա բացատրվում է նրանով, որ յայլաներից արդեն իջել են խոշոր եւ մանր կճղակավոր անասունները, իսկ գայլերին այլեւս ուտելու ոչինչ չի մնում: Նրանք էլ իջնում են մոտակա գյուղերը եւ հարձակվում անասունների վրա:

 

Խաչատրյանն, ընդգծելով հարցի լրջությունն, ասաց, որ սա բնավ էլ գայլերին ոչնչացնելու կոչ չէ, այլ այն, որ պատկան գերատեսչությունները հոգ տանեն սոված վայրի գազանների մասին: «Գայլն էլ անտառի սանիտարն է, նրան էլ է պետք պահպանել»,-հորդորեց նա:

 

Լիլիթ Մաճկալյան