Եմենի Նախագահ Աբդ Ռաբո Մանսուր ալ Հադին ՄԱԿ-ում Եմենի ներկայացուցիչ Խալիդ Բահահին նշանակել է երկրի վարչապետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին հոկտեմբերի 13-ին հայտարարել է Եմենի Նախագահի օգնականը: Հայտարարության մեջ նշվել է, որ այս քայլը կօգնի թեթևացնել քաղաքական ճգնաժամը:

 

Նաև տեղեկություններ կան այն մասին, որ Խալիդ Բահահն այն 3 թեկնածուների թվում էր, ում առաջարկել են շիա ապստամբները՝ հոուշիները: Ավելի վաղ նրանք բողոքել էին Նախագահի՝ Ահմադ Աուադ բն Մուբարաքին վարչապետ նշանակելու որոշման դեմ:

 

Շիաները խոստացել էին պայքարել և ընդունված որոշման մեջ մեղադրել էին Եմենում ԱՄՆ-ի դեսպանատանը: Ստեղծված լարված իրավիճակից ելնելով՝ նորանշանակ վարաչապետը ստիպված էր հրաժարական տալ իր պաշտոնավությունը ստանձնելուց 48 ժամ հետո: