Գերմանացի գործարարները Հայաստանի միջոցով իրենց ապրանքների իրացման նոր շուկաներ գտնելու ցանկություն ունեն: Հայաստանի' Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը, այդ իմաստով, մեծ հնարավորություններ է ստեղծում: Մի կողմից' Հայաստանը կամուրջ է ԵՏՄ-ի ու Եվրոպական միության միջև, մյուս կողմից' Հայաստանի համար հեռանկարներ կբացվեն ԵՏՄ-ԵՄ համագործակցության պարագայում:

 

«Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց «Գերմանիայի առևտրի ու ներդրումներ» ՍՊԸ Կենտրոնական Ասիայի ու Հարավային Կովկասի գծով տարածաշրջանային մենեջեր Ուվե Շտրոբախը:

 

Նրա խոսքով' Գերմանիայում տնտեսության հիմքը կազմում են փոքր ու միջին ձեռնարկությունները, որոնք շահագրգռված են Հայաստան արտահանումների ծավալն ավելացնելու ու հայ գործարարների հետ կապեր հաստատելու մեջ: «Նրանք այդքան ռեսուրս չունեն, որ ներդրում կատարեն: Ինչ վերաբերում է համատեղ ձեռնարկություններին, դրանք երկար ժամանակ են պահանջում ու մեծ ռեսուրսներ:

 

Գերմանացի գործարարները, Հայաստանում, հիմնականում, հետաքրքրված են know how-ով, տեխնոլոգիական մտածելակերպով մարդկանցով, ովքեր կօգնեն հենց Հայաստանում ընդլայնել իրենց բիզնեսը, բայց ոչ նորը ստեղծել»,- ասաց գերմանացի պաշտոնյան' հավելելով, որ Հայաստանի դրական կողմերից է բնագիտական գիտության զարգացումն ու լավ մասնագետների առկայությունը: «Բացի այդ, հայ երիտասարդները տիրապետում են անգլերենին ու կարող են տարբեր հետազոտությունների մասնակցել:

 

Հայաստանը կարող է շատ լուրջ ներուժ տրամադրել Գերմանիայում տարբեր հետազոտություններում մասնակցելու համար: Ես աշխատում եմ տարածաշրջանում Ադրբեջանի հետ ու, համեմատության համար, կարող եմ ասել, որ հայերը ինտելեկտուալ առումով ավելի զարգացած են ու կարող են շատ լուրջ հետազոտությունների մասնակցել»,- ընդգծեց Ուվե Շտրոբախը:

 

Խոսելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության և դրանից բխող հետագա տնտեսական զարգացումների մասին' Ուվե Շտորբախը նշեց, որ միությանն անդամակցությունը կարող է շահավետ լինել Հայաստանի համար: «Մենք մի հետազոտություն ունենք, թե Հայաստանի Հանրապետությունը ինչ տնտեսական օգուտներ կարող է քաղել ԵՏՄ-ից:

 

Մենք գիտենք, որ Ռուսաստանի ու հետխորհրդային երկրների հետ Հայաստանի կապն անխուսափելի է, բայց դա չի նշանակում, որ ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիրը անհնարին է դառնում Հայաստանի համար: Անդամակցությունը Հայաստանի համար մենք դիտում ենք որպես հնարավորությունների դաշտ ինչպես Արևելքի, այնպես էլ Արևմուտքի միջև: Ինչպես Ղազախստանի անդամակցությունը ժամանակին մեծ օգուտներ բերեց այդ երկրին, նույնը կարող է նաև նկատելի լինել Հայաստանի համար»,- նշեց նա:

 

«Եվրասիական միությունը կարևոր դեր կարող է կատարել' օգնելով Հայաստանին արտահանել իր ապրանքը: Դրա համար ինչպես ԵՏՄ-ին, այնպես էլ Հայաստանին պետք է գալու նաև եվրոպական շուկան, իսկ Հայաստանը առավելություններ ունի եվրոպական շուկայում արտահումների ժամանակ: Բայց, որպեսզի օգուտներ քաղի դրանից, շատ արտադրանք պետք է տա, իսկ դրա համար պետք է տնտեսությունը բաչելավել»,-հավելեց Շտրոբախը:

 

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Էկոնոմիկայի և տեխնոլոգիաների նախարարության պատվիրակությունը' Մարգիտ Շտեֆելի գլխավորությամբ, հոկտեմբերի 13-14-ին Հայաստանում մասնակցում է գործարար համաժողովի, որի նպատակն է հայ-գերմանական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը: Համաժողովը կազմակերպել է Զարգացման հայկական գործակալությունը' ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության աջակցությամբ:

 

ՀՀ ԱՎԾ տվյալներով' 2014 հունվար-օգոստոսին ՀՀ-ի և Գերմանիայի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 294 միլիոն 401 հազար ԱՄՆ դոլար: Գրացնվել է 128.8 տոկոս աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Հայաստանից Գերմանիա արտահանման ծավալը նույն ժամանակահատվածում կազմել է 106 միլիոն 457.5 հազար ԱՄՆ դոլար, իսկ Գերմանիայից Հայաստան ներմուծումը 187 միլիոն 943. 6 հազար ԱՄՆ դոլար:

 

Առաջին կիսամյակին Հայաստանից Գերմանիա է արտահանվել հիմնականում չզտված պղինձ, պղնձե անոդ զտման համար, երկաթամիահալվածք, մոլիբդեն և դրանից ապրանքներ, ներառյալ' մնացորդներն ու ջարդոնը, կոստյում, անդրավարտիք, բաճկոն: Նույն ժամանակահատվածում' Գերմանիայից Հայաստան են ներկրվել մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ, դեղամիջոցներ, արհեստական թելից լարան: