Հայաստանի արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն իր զարգացման տեմպերով կարելի է աշխարհում 10-րդը համարել: «Կատարողական վարույթի խնդիրների ավանդական և նորարարական լուծումները» խորագրով միջազգային համաժողովի շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենը:

 

«Եվ դրա պատճառներից մեկն այն է, որ Հայաստանի հարկադիր կատարման ծառայությունն իր ստեղծման օրվանից ուսումնասիրում է միջազգային լավագույն փորձը, ջանում է բոլոր տեղերից վերցնել ամենալավ տարրերը և բերել, տեղայնացնել Հայաստանում, ինչը շատ կարևոր նշանակություն ունի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Նետենը:

 

Նա ընդգծեց, որ լավագույն պրակտիկան և նորարարությունը համադրելու համար են ազմակերպվում միջազգային համաժողովները: «Ես անցալ տարի հանդիպել եմ նաև ՀՀ Նախագահի հետ, ով իր շահագրգռվածությունն է հայտնել համակարգի զարգացման և միջազգային փոխհամագործակցության խորացման առումով: Այսօր այստեղ էր նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահը, ով նույնպես շեշտեց համակարգի կատարելագործման կարևորությունը»,- ընդգծեց Նետենը:

 

Նետենը նաև նկատեց, որ Հայաստանի հարկադիր կատարման ծառայությունը բաց է հասարակության առջև, ինչի վառ վկայությունն է միջազգային համաժողովին լրագրողների ներկայությունը: Նրա խոսքով' սա շատ կարևոր հանգամանք է, քանի որ հասարակությունը պետք է տեսնի հարկադիր ծառայության աշխատանքը և հազոզված լինի ծառայության աշխատանքի թափանցիկության մեջ:

 

Հարցին, թե Հայաստանի հարկադիր կատարման ծառայության համակարգում կան խնդիրներ, Նետենը պատասխանեց, որ խնդիրներ կան բոլոր կառույցներում: Նրա խոսքով՝ աշխարհում չկա որևէ կառույց, որտեղ խնդիրներ չկան: