ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մասնակցել է Թաթուլ Մանասերյանի «Տնտեսական անվտանգություն. ռազմավարության ուրվագծեր» գրքի շնորհանդեսին, որը տեղի է ունեցել Մատենադարանում: Գրքի շնորհանդեսին մասնակցել են նաեւ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավորներ, տնտեսագետներ, գիտնականներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

 

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորել է Թաթուլ Մանասերյանին գրքի լույսընծայման առթիվ՝ նշելով, որ հեղինակը բազմաթիվ աշխատությունների, հոդվածների հեղինակ է, ով կատարում է անկողմնակալ վերլուծություններ:

 

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը նշել է, որ Թաթուլ Մանասերյանն անդրադարձ է կատարել տնտեսության ուղենիշային մոտեցումներին: ՀՀ ԱԺ փոխնախագահի խոսքով՝ հեղինակի՝ այս գրքին նախորդող հոդվածներն ու աշխատությունները իրենց տեղն են գտել տնտեսագիտության գրադարանում:

 

Թաթուլ Մանասերյանը ներկայացրել է գրքում տեղ գտած հիմնական կոնցեպցիաները՝ նշելով, որ ինքը արարող, ստեղծագործ հայ ժողովրդի մի մասնիկն է, եւ այս գրքի ստեղծման համար պահանջվել է քսան տարի:

 

Այնուհետեւ ներկաները ջերմորեն խոսել են հեղինակի եւ գրքի մասին՝ այսպիսի գրքի հրատարակումը համարելով ուրախալի եւ սպասված: