«Ես չգիտեմ, թե ինչ փոխզիջումների մասին է խոսքը, բայց գիտեմ, որ փաստաթղթում մենք պետք է ունենանք մաքսակետ»,- Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն՝ անդրադառնալով Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի նշած «փոխզիջումներին»:

 

Հիշեցնենք, որ վերջինս ասել էր. «Հաջողվել է փոխզիջման հասնել նրբանկատություն պահանջող այն հարցում, թե որ սահմաններով է Հայաստանն անդամակցելու: Այդ հարցն արդեն հանված է»:

 

«Վաղ թե ուշ իրենք պարտադրելու են, որ Հայաստանը գործի կանոնադրության համաձայն: Եթե բանավոր ինչ-որ մի պահ ասում են՝ լավ, մի տեղադրեք, ապա վաղ թե ուշ, իսկ ես կարծում եմ՝ ոչ շատ հեռու ապագայում, իրենք պարտադրելու են, որ մենք համաձայն կանոնադրության գործենք, համաձայն պայմանագրի գործենք, առավել ևս, որ ըստ էության այլ խնդիր կա. Հայաստանը ընդամենը մեկ ձայն ունի այդ խորհրդում, ուստի և մենք ցանկացած պահի կարող ենք շատ հետաքրքիր իրավիճակների առջև կանգնել»,- ասաց Մարտիրոսյանը՝ հավելելով՝ Ղարաբաղի անցակետի հետ կապված, մենք ցանկացած պահի կարող ենք շատ հետաքրքիր իրավիճակի առջև կանգնել: