Հայաստանի Հանրապետությունը շարունակում է տնտեսական երկխոսությունը Եվրոպական Միության անդամ երկրների հետ: Նոյեմբերին նախատեսվում են բանակցություններ Եվրամիության երկրների հետ հետագա համագործակցությունը խորացնելու նպատակով:
«Եվրոպական Միության երկրների հետ կընտրենք այն ձևաչափն ու խորության աստիճակը, որի շրջանակներում գործելու ենք: Եվրոպական Միությունը հետևողականորեն տանում է նրան, որ մեր տնտեսական համակագործակցությունն ավելի խորանա ու ընդլայնվի, ու մենք դրա կողմնակիցն ենք, քանի որ մեր առևտրի 30 տոկոսից ավելին ԵՄ երկրների հետ է իրականցվում»,- հոկտեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշամրիտյանը:
Նրա խոսքով' կա ձգտում ավելի բարձր մակարդակի հասցնելու տնտեսական համագործակցությունը ԵՄ-ի հետ, պահպանել GSP+ առևտրային համակարգը: «Մի լավ լուր հայտնեմ. մեր «Ռուսալ Արմենալ» ընկերության հանդեպ ԵՄ-ում գործում էր հակադեմփինգային 14.5 տոկոս մաքսատուրք, որը դադարեցվել է»,- հայտնեց նախարարը:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ն, անդրադառնալով հարցին, թե արդեն նախանշվել են Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ երկրների հետ այս կամ այն ապրանքների մաքսատուրքերի մասով բանակցությունները, Կարեն Ճշմարիտյանը նշեց, որ այս պահի դրությամբ' ոչ մի երկրի հետ բանակցությունների գործընթաց առկա չէ:
Նա մանրամասնեց գործընթացը, ըստ որի, ԱՀԿ միջորդությամբ տեղի են ունենում բանակցություններ անդամ երկրների միջև: «ԱՀԿ-ն, որպես կազմակերպություն, պահանջներ ոչ մեկի նկատմամբ չի դնում, իր մանդատում չկա, որ ինչ-որ երկրի ասի' այս արա, կամ այն արա: Դա այն հարթակն է, որը կազմակերպում է անդամ-երկրների միջև ընթացող բանակցությունները:
Կային երկրներ, որոնք ԱՀԿ անդամ էին, դարձան նաև ԵՄ անդամ, օրինակ, Ռումինիան, Բուլղարիան: Նրանց մոտ տնտեսական ռեժիմները փոխվեցին, որովհետև նրանք մտան նոր տնտեսական տարածք: Նշյալ երկրները ԱՀԿ անդամ երկրների հետ բանակցություններ վարեցին: Բանակցությունների ֆորմատը, պայմանավորվածությունները հստակեցնում է ԱՀԿ-ն»,- ավելացրեց Կարեն Ճշմարիտյանը: