ՀՀ ՊՆ վարչական համալիրում' պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեյրան Օհանյանի նախագահությամբ, հոկտեմբերի 17-ին տեղի ունեցավ Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստը, որի ընթացքում ամփոփվեցին 2014 թվականի ամառային զորակոչի արդյունքները և քննարկվեցին ձմեռային զորակոչի պլանավորման աշխատանքները: Նիստին մասնակցում էին շահագրգիռ ՀՀ գերատեսչությունների ղեկավարները, մարզպետները, ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, բժշկական հանձնաժողովների ներկայացուցիչներ և այլք:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով նիստի մասնակիցներին' պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարևորել է միջոցառման անհրաժեշտությունը, նշելով, որ զինված ուժերի համար կարևորագույն գործընթացներից մեկը զորակոչի շրջանակում նրա համալրումն է: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը փաստել է, որ վերջին տարիներին զորակոչին մասնակցող բոլոր կառույցների համատեղ ջանքերի շնորհիվ առավել բարձր հիմքերի վրա է դրվել զորակոչի գործընթացի իրականացումը:

 

Նիստի ընթացքում հիմնական հաշվետու զեկույցով հանդես է եկել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Խոսելով նախորդ զորակոչի արդյունքների և առաջիկա զորակոչի խնդիրների մասին, գեներալ-գնդապետը ներկայացրել է թե' դրական միտումները և թե արձանագրված որոշակի բացթողումները: Անդրադարձ եղավ զորակոչվածների թվաքանակին, ծառայությանը ոչ պիտանի ճանաչվածների վիճակագրական տվյալներին, զինկոմիսարիատների և բուժհանձնաժողովների կողմից կատարված աշխատանքներին:

 

Նիստի ժամանակ քննարկվել են նախորդ զորակոչի ընթացքում տեղ գտած իրավախախտումների, երիտասարդների կցագրմանը և հաշվառմանը, բուժհետազոտությանը, հիվանդության պատճառով բանակից զորացրվածների, զորակոչից խուսափողների նկատմամբ պատժամիջոցների ու վարչական տույժերի կիրառմանը, ինչպես նաև գործընթացին առնչվող այլ հարցեր:

 

Ամառային զորակոչն արդյունավետ կազմակերպելու գործընթացում ակտիվ մասնակցություն ցուցաբերած մի շարք պատասխանատուներ և զինծառայողներ պաշտպանության նախարարի կողմից պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, պատվոգրերով և արժեքավոր նվերներով:

 

Ամփոփելով խորհրդակցության աշխատանքները և շնորհակալություն հայտնելով ներկաներին համատեղ աշխատանքի համար' ՀՀ պաշտպանության նախարարը հույս է հայտնել, որ զորակոչի համար պատասխանատու բոլոր օղակների սերտ համագործակցության արդյունքում հերթական զորակոչի աշխատանքները ևս կիրականացվեն բարձր մակարդակով, այն կանցնի կազմակերպված ու առանց խոչընդոտների:

 

Հնարավոր կոռուպցիոն ռիսկերի ուղղությամբ իրականացվող հետևողական պայքարի, զորակոչային բուժհետազոտությունների նկատմամբ խիստ վերահսկողություն սահմանելու և ընդհանուր առմամբ ձմեռային զորակոչը հստակ կազմակերպելու և անցկացնելու առումով պաշտպանական գերատեսչության ղեկավարի կողմից տրվել են նաև որոշ ցուցումներ և հանձնարարականներ: