Հայաստանում եզդիական համայնքն ու «Ոչ ցեղասպանություններին» քաղաքացիական նախաձեռնությունն ահազանգում են իրենց նկատմամբ «լրատվական ցեղասպանության» մասին: «Մեզ' որպես քուրդ ներկայացնելը, աղաղակող անարդարություն է: Եզդիները, լինելով Մերձավոր Արևելքի հնագույն ժողովուրդներից, հենց իրենց բնօրրանում այսօր կանգնել են իսպառ ոչնչացման եզրին:

 

Բավական չէ, որ եզդիները ենթա րկվում են ֆիզիկական բնաջնջման, ցավոք, դրան գումարվում է մեկ այլ դատապարտելի երևույթ, որը մեր համոզմամբ' չի զիջում վերոնշյալ ֆիզիկական բնաջնջմանը: Խոսքն այն մասին է, որ աշխարհի բազմաթիվ լրատվամիջոցներ (էլեկտրոնային, տպագիր), չգիտես դիտավորյա՞լ, թե՞ թյուրամացաբար, եզդիներին ներկայացնում են որպես քրդեր (եզդի-քրդեր անունով), ինչն աղաղակող անարդարություն է:

 

Պիտի նշել, որ մենք' եզդիներս, մեզ կոչում ենք էզդի, իսկ մեր հարևանները մեզ ճանաչել և ճանաչում են եզդի, եզիդ անուններով, ինչը հասկանալի է լեզվագիտության տեսանկյունից: Սխալ ու վիրավորական է մեզ' եզդիներիս համար, երբ մեզ համարում են մեզ հետ որևէ առնչություն ու ընդհանրություն չունեցող քրդեր:

 

Մեր խնդրանքն ու կոչն է աշխարհի բոլոր լրատվամիջոցներին' նյութերում և հաղորդումներում մեզ հիշատակել եզդի, եզդի ժողովուրդ, եզդի ազգ, եզդի ազգություն եզրույթներով: Սրանով դուք ճշմարտությունն արտահայտած կլինեք, ինչպես նաև կդրսևորեք ձեր հարգանքը մեր փոքրաթիվ, տառապած և ուրույն մշակույթի ու պատմության տեր ժողովդի նկատմամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' նշվում է նրանց տարածած հաղորդագրության մեջ: