Տարբեր ժամանակներ, իհարկե, հրատարակվել են աշխարհահռչակ մարդկանց տարբեր տեսակետներ Հայաստանի ու հայ ժողովրդի մասին: Սակայն առկա էր դրանք մի հրատարակության մեջ հանրագումարի բերելու և ամբողջացնելու անհրաժեշտությունը: Ահա այս նպատակով էլ Կարեն և Սամվել Կարապետյանների հովանավորությամբ «Հայագիտակ» հրատարակչությունը լույս է ընծայել «Երկիր դրախտավայր» հանրագիտարանային ժողովածուն, որի շնորհանդեսը կայացավ այսօր:

 

Գիրքն ամփոփում է հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը 300-ից ավելի հանրահայտ գրողների, պատմիչների, արվեստագետների, դիվանագետների, ճանապարհորդների, ռազմական, պետական ու քաղաքական գործիչների վկայությունները, բնութագրումները, հոդվածներն ու գեղարվեստական ստեղծագործությունները Հայաստանի ու հայ ժողովրդի մասին:

 

Շնորհանդեսին «Տաշիր» հիմնադրամի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը, բարձր գնահատելով հեղինակի ու գրքի հրատարակման աշխատանքային խմբի ծավալուն աշխատանքը, նշեց, որ ժողովածուն կարևոր ձեռնարկ է ոչ միայն պատմաբանների, այլև պատմությամբ հետաքրքրվողների ու ընդհանրապես լայն շրջանակների համար:

 

«Ներկայիս աշխարհաքաղաքական հարաբերություններում հաճախ առաջին ու երբեմն որոշիչ նշանակություն են ստանում տեղեկատվական հակամարտությունները: Մասնավորաբար, մեր որոշ հարևաններ հսկայական գումարներ են ներդնում թե՛ իրենց հասարակությանը, թե՛ միջազգային հանրությանը ներկայացնելու առավելապես հնարովի, կեղծ տեղեկատվություն: Նավթադոլարներով փորձում են կեղծել ու վերաձևել իրենց ու հաճախ նաև մեր պատմությունը: Մենք նման խնդիր չունենք: Մեր առաջնային խնդիրն է պատշաճ մակարդակով աշխարհին մատուցել փաստերն ու իրականությունը: Եվ այս առումով «Երկիր դրախտավայր» ժողովածուն կարող է իր մեծ ներդրումն ունենալ»,- ասաց Նարեկ Կարապետյանը:

 

Ներկաներին գրքի ստեղծման ընթացքի, բովանդակության ու առաքելության մասին մանրամասներ ներկայացրեցին ժողովածուի հրատարակչական խորհրդի նախագահ, ՀՀ ԿԳՆ կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանը, կազմող, «Հայագիտակ» հրատարակչության ղեկավար Ալբերտ Իսոյանը, հրատարակչական խորհրդի անդամներ՝ պրոֆեսոր Պետրոս Հովհաննիսյանը, ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը:

 

 

«Տաշիր» բարեգործական հիմնադրամի մամուլի ծառայություն