Հայաստանի կառավարությունը փոքր և միջին ձեռնարկատիրության կողքին է և պատրաստակամ է աջակցել նրանց յուրաքանչյուր նախաձեռնության: «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում բացված «Հայագրոֆորում» համաժողովում այս մասին նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

 

«Ես տիրապետում եմ ողջ տեղեկատվությանը, որ կան տարբեր խոչընդոտներ, նաև արհեստական: Դրանց լուծման համար ժամանակ եմ խնդրում, ես անձամբ լինելու եմ հետևողական և փորձելու եմ ժամանակի ընթացքում, բայց կարճ ժամանակում այդ բոլոր խոչընդոտներին տալ լուծում: Ես ձեր կողքին եմ և պատրաստ եմ ձեր յուրաքանչյուր նախաձեռնության աջակցել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց ՀՀ վարչապետը՝ համոզմունք հայտնելով, որ երկրի տնտեսության ապագան ՓՄՁ-ներն են:

 

«Արմպրոդէքսպո-2014»-ին իրենց արտադրանքն են ներկայացնում 67 ընկերություններ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից և Ուկրաինայից: Ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել Հայաստանում թողարկվող սննդարդյունաբերական լավագույն ապրանքատեսակները և վերամշակող արդյունաբերության ձեռքբերումները: Ցուցհանդեսին ներկայացված է գյուղատնտեսական ապրանքների լայն տեսականի' ոգելից խմիչքներ, հանքային ջրեր և բնական հյութեր, պտուղ-բանջարեղենային պահածոներ, կաթնամթերք, մսամթերք, ձկնամթերք, չոր մրգեր և հրուշակեղեն: