Ուկրաինայում իրադրության զարգացումը այս տարվա փետրվարից ի վեր առաջին անգամ չի դառնա Եվրամիության անդամ 28 երկրների արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպման գլխավոր թեման, որը հոկտեմբերի 20-ին կկայանա Լյուքսեմբուրգում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Նախարարների հիմնական ուշադրությունը կկենտրոնանա Եվրոպայո ւմ Էբոլա վիրուսի տարածումը կանխելու հարցերի եւ «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» արմատական կազմակերպության դեմ պայքարում ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի պետությունների ջանքերի վրա:

 

Ուկրաինայի իրադրության շուրջ նախարարները «կարծիքներ կփոխանակեն, բայց որեւէ որոշում չի ընդունվի Ռուսաստանի դեմ սահմանված ԵՄ-ի պատժամիջոցների մասնակի կամ ամբողջական չեղարկման վերաբերյալ»: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ԵՄ-ի Խորհրդի մի աղբյուր:

 

«Պատժամիջոցների ռեժիմի փոփոխման հարցն, անտարակույս, կարող է առաջադրվել առանձին նախարարների կողմից, սակայն այդ առումով հաջորդ գործնական քայլը պետք է դառնա Ուկրաինայի արեւելքի իրադրության հերթական գնահատումը ԵՄ-ի երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեի նիստում, որը կկայանա «հոկտեմբերի վերջին օրերին»,- ասել է դիվանագետը: