ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը տեղում հետևել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվող' «Սևանա լճի ջրածածկ անտառատնկարկների մաքրման ծառայություններ» ծրագրով նախատեսված աշխատանքների ընթացքին: Սևանա լճի ջրածածկ տարածքների մաքրման աշխատանքներն իրականացվում են 2005 թվականից: 2014թ.-ի համար նախատեսված է մաքրման աշխատանքներ իրականացնել 150 հա տարածքում:

 

Հոկտեմբերի դրությամբ մաքրվել է 72.8 հա ափամերձ տարածք: Աշխատանքները շարունակվում են և, հաշվի առնելով այն փաստը, որ ավարտվել են դժվարանցանելի, ճահճոտ տեղամասում իրականացվող աշխատանքները, կապալառու կազմակերպությունը՝ «Ճամբարակ» ՃՇՇՁ ԲԲ ընկերությունը, պարտավորվել է մինչև տարեվերջ մաքրել նախատեսված ողջ տարածքը: ՀՀ բնապահպանության նախարարը նշել է, որ ամենշաբաթյա այցելություններով անձամբ է հետևում մաքրման աշխատանքներին և հետևողական է լինելու, որպեսզ ի շինարարական ընկերությունը սահմանված ժամկետներում պատշաճ կերպով կատարի ստանձնած պարտավորությունները:

 

Մաքրման աշխատանքների ընթացքում առաջացող թափուկները սկզբնական շրջանում կուտակվում էին լճի հարակից համայնքների տարածքներում: Վերջերս ՀՀ բնապահպանության նախարարի հանձնարարականով «Սևան» ազգային պարկում հատկացվել են հատուկ տարածքներ՝ թափուկների կուտակման համար: Նախատեսվում է թափուկների մի մասը հատուկ տեխնոլոգիաների ներդրումից հետո վերածել խտացված վառելանյութի, որը կիրացվի սահմանված կարգով: