Հայաստան հերթական այցի ժամանակ սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն այսօր հանդիպեց լրագրողների հետ: Աբրահամը նշեց, որ ինքն ուրախությամբ է գալիս Հայաստան. այստեղ եկել է հանգստանալու և հավանաբար կմնա երեք շաբաթ:

 

Աբրահամը խոսեց Փոլ Սմիթի դեմ մենամարտից և նկատեց, որ քանի որ Փոլ Սմիթն ուժեղ հարվածներ էր հասցնում, հաղթելը դժվար էր. «Թույլ չէի տալիս նրան հարվածները տեղ հասցնել: Միավորներով հաղթեցի: Միշտ ավելին եմ ցանկանում և այնպես չէ, որ գոհ եմ մենամարտից: Միշտ պայքարում եմ, որ ավելի լավ լինի: Բոլորն էլ սխալներ են թույլ տալիս, սակայն փորձում եմ սխալ չգործել: Մարզիչս ավելի գոհ էր, քան ես: Կուզեի նրա հետ նորից մենամարտել»:

 

Բռնցքամարտիկը նաև անդրադարձավ Չարբախում բռնցքամարտի դպրոց բացելուն և նշեց՝ գործընթացը կա և հողատարածքն իրենք արդեն վերցրել են, բայց մի բայց կա.

 

«Շենքը պատրաստելու համար պետք է ներկա լինեմ, որպեսզի իմ սրտով լինի: Այդ հարցով կզբաղվեմ, երբ բռնցքամարտում կարիերաս ավարտեմ»,- նշեց Աբրահամը:

 

Խոսելով Հայաստանում բռնցքամարտի վիճակի մասին, Աբրահամը նկատեց, որ այն միշտ լավ վիճակում է եղել. «Հուսով եմ, որ աշխարհի և Եվրոպայի մրցումներին մեկ-երկու մեդալ կունենանք»:

 

Արթուր Աբրահամի խոսքով՝ իր հաջորդ մենամարտը տեղի կունենա հունվարի վերջին: Բռնցքամարտիկըը պատրաստակամություն հայտնեց մենամարտել Շտիգլիցի և Շտուրմի մենամարտի հաղթողի հետ. «Ես և՛ հաղթողի, և՛ պարտվողի հետ կմենամարտեմ: Խնդիր չունեմ»,- ասաց Աբրահամը հավելելով, որ Փոլ Սմիթի հետ նույնպես հաճույքով կմենամարտի, սակայն վերջինս ռևանշ պահանջել չի կարող»: