Առաջիկա երեք տարվա համար Եվրամիությունը պատրաստել է Հայաստանի հետ համագործակցության ծրագիրն ու կազմել բյուջետային աջակցության վերաբերյալ փաստաթուղթը: 2014 -2017թթ. համար կազմված փաստաթղթում առկա ԵՄ նախաձեռնած ծրագրերին կավելանան ևս 200-ը:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ' հոկտեմբերի 20-ին «ԵՄ հաղորդակցության դասընթաց» քննարկման ժամանակ Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի տնօրեն Հոաբին Աջեմյանը նշեց, որ այդ ծրագրերի իրականացման համար Եվրամիությունը կտրամադրի մինչև 170 միլիոն եվրո:

 

«Մենք ունենք ծրագրեր, որոնք վերաբերում են ՀՀ-ԵՄ առևտրային համագործակցությանը: Անկախ հանգամանքից, որ ՀՀ-ն միացավ ԵՏՄ-ին, հայկական ապրանքները կշարունակեն արտոնյալ կերպով մուտք գործել եվրոպական շուկա' պայմանով, որ իրականացվեն և պահպանվեն ԵՄ քսանյոթ ստանդարտներն ու համաձայնագրերը»,- ասաց Աջեմյանը:

 

Այս տարի ԵՄ-ն Հայաստանի կառավարությանը կտրամադրի 26 միլիոն եվրո արդարադատության, կրթության, գյուղատնտեսության և մարդու իրավունքների բնագավառում կատարվելիք բարեփոխումների համար: «Բարեփոխումներն ուղղված են հայ հասարակությանը և հայ քաղաքացուն: Ընդհանրապես բարեփոխումներն այնքան համալիր են, որ քաղաքացու համար դրանք երբեմն դժվար ընկալելի են: Տարեվերջին, երբ մենք հանդես գանք հաշվետվությամբ, կփաստենք, որ արդարադատության ոլորտում բարեփոխման առումով կա առաջընթաց և ԵՄ-ն պատրաստ է շարունակելու այդ ուղղությամբ աշխատանքները», - ասաց Աջեմյանը' հավելելով, որ ԵՄ-ն բյուջետային աջակցություն տրամադրում է' նպատակ ունենալով ձևավորել միջավայր, որտեղ առկա է բարեկեցություն:

 

«Բյուջետային աջակցության նոր ծրագրում կրկին ուշադրության կենտրոնում է քաղաքացիական ծառայությունն ու ՏԻՄ ոլորտը: Քաղծառայության ոլորտում աջակցության վաթսուն ծրագիր կա: Նույնն է նաև քաղաքացիական հասարակության առումով, քանի որ այդ ոլորտը շարունակում է մնալ մեր հարաբերությունների և հաղորդակցության առանցքում:

 

Աջակցություն տրամադրվում է նաև ՏԻՄ-երին: Մեր ուշադրության կենտրոնում է զբոսաշրջության զարգացմանն ուղղված ռազմավարության աջակցությունը, գենդերային անհավասարությունների և բռնությունների ոլորտում նույնպես աշխատանք կա կատարելու, և ԵՄ-ն պատրաստ է աջակցել ԱԺ-ին ընտանեկան բռնության դեմ համապատասխան օրենքի ընդունման հարցում»,- ասաց նա' հավելելով, որ Հայաստանին մեկ բնակչի առումով երեք անգամ ավելի շատ գումար է հատկացվում, քան Ուկրաինային: