Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի իր նստավայրում ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամային հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

 

Հանդիպման ժամանակ կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված հարցերի շուրջ:

 

Հերբերտ Զալբերը հոկտեմբերի 16-ին ժամանել է Երևան, որտեղ հանդիպել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Զալբերը համոզմունք է հայտնել, որ խաղաղ բանակցային ճանապարհով ԼՂ հիմնախնդրի կարգավորման միակ հնարավոր ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է: Նա վերահաստատել է ԵՄ-ի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը բարձր մակարդակով բանակցությունների անցկացմանն ու բոլոր այն գործնական քայլերին, որոնք կարող են ձևավորվել խաղաղ բանակցային գործընթացում և նպաստել հակամարտության հանգուցալուծմանը: