Երևանում իր աշխատանքներն ավարտեց «Հիշողության քաղաքականությունը հետխորհրդային հանրապետություններում» խորագրով երկօրյա միջազգային սեմինարը (հոկտեմբերի 15-16, 2014)։ Հայաստանի մայրաքաղաք էին ժամանել ոլորտի առաջատար մասնագետները ՌԴ-ից, Ուկրաինայից, Բելառուսից, Հունգարիայից, Մոլդովայից ու Լիտվայից։

 

Սեմինարի մասնակիցները հանդես եկան ելույթներով, որոնցում քննարկեցին պատմագիտության արդիական խնդիրները, քաղաքականության ազդեցությունը պատմագիտության զարգացման վրա, հիշողության դերն ազգային ինքնության պահպանման գործում, ինչպես նաև դպրոցական դասագրքերին առնչվող հարցեր։

 

«Պատմական հիշողությունը ոչ միայն հզոր ներուժ և ազգային հարստություն է, այլև ազգային ինքնության կարևորագույն բաղադրիչներից մեկը: Այս սեմինարի մասնակիցները հիմնականում 20-րդ դարի պատմության մասնագետներ են։ Նրանք ուսումնասիրում են, թե ինչպես են քաղաքական իշխանությունները, քաղաքական տարբեր ուժերը՝ կլինեն դրանք արտաքին, թե ներքին, փորձում ազդել պատմության շարադրման և վերաշարադրման վրա։ Կամ թե ինչպես են խմբագրում անցյալի հերոսներին, հաճախ նսեմացնում, իսկ փոխարենը՝ որոշ պատմական դեմքերի՝ երբեմն ակնհայտ դավաճաններին, փորձում արդարացնել»,- Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց միջոցառման նախաձեռնող և կազմակերպիչ, պատմական գիտությունների թեկնածու Թամարա Վարդանյան-Այվազյանը: Նրա խոսքով՝ նման փորձեր արվում են նաև Հայաստանում։

 

 

«Պատմագիտությունը մեր օրերում լուրջ մարտահրավերների առջև է կանգնած: Ոլորտ ներխուժել են պատմագիտական տարրական գիտելիքներ չունեցող, հետազոտական աշխատանքի կանոններին ու մեթոդաբանությանը չտիրապետող քարոզիչներ ու դիլետանտներ։ Դժվար է պատկերացնել, որ որևէ պատմաբան ելույթ կունենա ֆիզիկայի կամ քիմիայի բնագավառում և կփորձի տեսակետներ հայտնել, ասենք, Նյուտոնի օրենքների վերաբերյալ: Սակայն հակառակը մենք տեսնում ենք գրեթե ամեն օր. տարբեր մասնագիտություններ ունեցող անձինք կարող են հոդվածներ, նույնիսկ գրքեր հրապարակել պատմական անցքերի մասին, համատեքստից կտրել մի դրվագ ու դատողություններ կատարել, որոնք, սակայն, իրականության հետ կապ չունեն: Սա, իհարկե, անընդունելի է»,- ասաց Թամարա Վարդանյան-Այվազյանը և հավելեց, որ այդ միտումները նկատելի են հատկապես հետխորհրդային երկրներում: