Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվեց «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատաճիռը:

 

Շանթ Հարությունյանը դատապարտվեց 6 տարվա, իսկ Շահեն Հարությունյանը՝ 4 տարվա ազատազրկման, սակայն վերջինիս նկատմամբ որոշվեց պատիժը պայմանականորեն չկիրառել. հանձնարարվեց Շահենին պարտավորեցնել չհեռանալ մշտական բնակության վայրից:

 

Ընդդիմադիրների խոսքով՝ ձերբակալվածները քաղբանտարկյալներ են:

 

Լուրեր.com-ի հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ ինքը երբեք իրավական խնդիրներին քաղաքական գնահատական չի տվել:

 

«Խորհուրդ էլ չեմ տա մեր գործընկերներին յուրաքանչյուր իրավական գործընթացի մեջ տեսնել քաղաքական հետք: Սա բացառապես իրավական տիրույթում գտնվող խնդիր է: Կա դատական իշխանություն, որն էլ իր իրավասության շրջանակներում պետք է իրականացնի իր քայլերը և եթե կա որևէ խնդիր, ապա դրա համար ևս կան դատական ատյաններ, բողոքարկման մեխանիզմներ և խնդիրը պետք է լուծվի բացառապես իրավական տիրույթում: Մենք չպետք է ամեն ինչին տանք քաղաքական աստառ»,- ասաց Շարմազանովը: