Նորվեգիայի «Մարդու իրավունքների տուն» հիմնադրամի ներկայացուցիչ Ալեքսանդր Սյոդինը կոչով դիմել է Եվրախորհրդարանին' 2014 թվականի համար Սախարովի պարգեւը հանձնել իրավապաշտպան Լեյլա Յունուսին:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով contact.az լրատվական կայքը, դիմումում Սյոդինն ընդգծել է ադրբեջանցի իրավապաշտպանի դերը սեփական երկրում քաղաքացիների ազատությունների իրավունքների պաշտպանության գործում, նրա հաստատակամությունը եւ խիզախությունը: Մասնավորապես, նշվում է նրա պայքարի մասին' անգամ ճաղերի հետեւում, ուր Լեյլա Յունուսին եւ նրա ամուսնուն' Արիֆ Յունուսին, ադրբեջանական իշխանությունները նետել են կեղծ մեղադրանքներով:

 

«Լեյլա Յունուսին պարգեւ հանձնելը նշանակում է սատարել Ադրբեջանում բանտարկված 98 քաղաքական բանտարկյալներին», - ասված է դիմումում:

 

Մինչ այժմ մի քանի միջազգային կազմակերպություններ եւ գործիչներ (այդ թվում' Եվրախորհրդարանի Կանաչների խմբակցությունը) կոչ են արել այս տարվա Սախարովի պարգեւը հանձնել Լեյլա Յունուսին: Այդ առնչությամբ որոշումը պետք է ընդունվի հոկտեմբերի 21-ին' երեք թեկնածուների միջեւ ընտրությամբ:

 

Սախարովի անվան պարգեւը Եվրոպայի խորհրդարանը հիմնել է 1988 թվականին: Պարգեւը տրվում է մարդու իրավունքների պաշտպանության համար պայքար տանող եւ դրա համար իշխանությունների լուրջ ճնշումների ենթարկված անձանց:

 

Լեյլա Յունուսը բերման է ենթարկվել է որպես լրագրող Ռաուֆ Միրկադիրովի գործով կասկածյալ, ով գտնվում է հետաքննության տակ' Ադրբեջանի Քրեական օրենսգրքի «հայրենիքին դավաճանության» հոդվածով: Ռաուֆ Միրկադիրովին մեղադրում են այն բանում, որ ժողովրդական դիվանագիտության միջազգային ծրագրով նա մի քանի անգամ այցելել է Հայաստան եւ իբր համագործակցել հայկական հատուկ ծառայությունների հետ:

 

Լեյլա Յունուսը Ռաուֆ Միրկադիրովի ապօրինի ձերբակալությունից հետո հայտարարել էր, որ հերթն իրենն է, քանի որ Ադրբեջանի իշխանությունը ցանկանում է ազատվել միջազ գային կազմակերպությունների հետ համագործակցող անկախ, ոչ կառավարական կազմակերպություններից եւ նրանց փոխարեն ներկայացնել իշխանամետ կազմավորումներ: Լեյլա Յունուսը ադրբեջանական իշխանությունների ցուցումով Բաքվում ձերբակալվել է այս տարվա հուլիսի 30-ին: Նրան «հայրենիքի դավաճանության» կեղծ մեղադրանք է ներկայացվել: