ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր ՄԻՊ զեկույցի քննարկման ժամանակ ասաց, որ ոչ իշխանական գործընկերները փոխանակ մարդու իրավունքների ոլորտում եղած խնդիրները վեր հանեն, ստանձնել են դատավորների, դատախազի, անվտանգության ծառայության ներկայացուցիչների ու օտարերկրյա «ագենտների» դեր:

 

«Հիշում էին հանցագործություններ, զոհվածներին, խորհուրդ կտայի մարդկանց՝ դեռ չսպիացած վերքը կրկին չբորբոքեն՝ իրենց քաղաքական շահարկումներին հագուրդ տալով»,- նշեց նա:

 

ՀՀԿ խմբակցության ղեկավարը հայտարարեց, որ երեկ ականատես են եղել այստեղ իրականացվող պետական դավաճանության: «Նյութեր էին հրապարակում՝ կեղծ նյութեր, որոնք տրամադրվում էին մեր հակառակորդ երկրին»: Նա ընդգծեց, որ դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ հանդիպում է նախատեսվում ՀՀ ու Ադրբեջանի նախագահների միջև:

 

«Ես երեկ այստեղից զգացի ալիևյան նավթի հոտ, կարծես թե արդեն ֆինանսավորման ուղղությունները փոխվել են»,- ասաց Բաղդասարյանը:

 

Վերջինիս տեղից արձագանքեց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ում ԱԺ նախագահն ասաց. «Երբ ԱԺ նախագահ կլինեք, կընդհատեք, հիմա իրավունք չունեք»: Բաղդասարյանն էլ նկատեց. «Շատ ուրախ եմ, որ որոշ մարդիկ իրենց վրա են վերցնում, ես անուն չտվեցի, փաստորեն իրականություն կա սրա մեջ»: Երբ Բաղդասարյանին շարունակեցին արձագանքել Փաշինյանն ու Զարուհի Փոստանջյանը, իշխանական պատգամավորը հորդորեց ԱԺ նախագահին կիրառել իր լիազորությունները և դուրս հրավիրել նրանց:

 

«Մեր մեծերը խորհուրդ են տալիս, որ չվիճենք տգետների, անբարոյականների, սադրիչների հետ, քանի որ նրանք այդ գործին լավ են տիրապետում, և մենք կպարտվենք: Ես չեմ ուզում իջնել այդ մակարդակին, իսկ պոռոտախոսներին հարցնում եմ' գոնե մեկ անգամ նայե՞լ եք հայելու մեջ ու հարցրել ինքներդ ձեզ, թե ինչ եք արել այս երկրի համար»:

 

Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ այստեղ օրենք էր բերվել՝ պատգամավորների կարգազանցության վերաբերյալ /հեղինակը' Զարուհի Փոստանջյան/, սակայն հենց այդ նույն պատգամավորն այդ կանոններին չի հետևում, ու այդ օրենքը, փաստորեն, հենց իր համար է բերել:

 

Ապա դիմելով ՄԻՊ Կարեն Անդրեասյանին' ՀՀԿ պատգամավորն ասաց. «Ձեր անկախությունը, կայացումը հաստատելու համար մի մեղադրեք պատգամավորներին ու հանձնարարականներ մի տվեք նրանց, երիտասարդ եք, ամբիցիաներ ունեք, հասկանում եմ, ու հուսով եմ, որ դա կանցնի, փոխվեք ինքներդ ու սկսեք աշխատել ԱԺ հանձնաժողովների ու պատգամավորների հետ»:

 

«Իսկ մեծախոսներին, պոռոտախոսներին կոչ եմ անում' այս ամբիոնը պետք չէ օգտագործել կոնչիտաներին գովերգելու համար»,-եզրափակեց նա: