Այսօր Ազգային ժողովում շարունակվեց քննարկվել Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցը:

 

ՄԻՊ Կարեն Անդրեասյանն իր խոսքում ասաց, որ թեև ակնկալվում է, որ ինքը կարձագանքի առանձին հնչած մտքերին, որովհետև պատգամավորներն իրենց ելույթներում իրեն առաջարկում կամ կոչ էին անում արձագանքել դրանց, բայց դա կանի այլ հարթակներում:

 

«Ավելիի համար ավելին է անհրաժեշտ: Նախ դիմել եմ հասարակությանը՝ խնդրելով աջակցություն և վստահություն. որոշակի չափով ստացել եմ, այնուհետև դիմել եմ ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին: Ես աշխատում եմ տարբեր գործընկերների հետ, անգամ հայ առաքելական սուրբ եկեղեցու հետ և ստանում եմ աջակցություն նաև այնտեղից: Ես ստանում եմ աջակցություն նաև միջազգային կառույցներից, բայց ոչ այլախոհված ձևով, որոնք փորձում էին շահարկվել: Մարդու իրավունքները ոչ թե դրսից բերված արժեքներ են, այլ մեր ազգային արժեքներն են, որոնք պատմության մեջ փոփոխվել կամ նորացվել են: Շատ հարցերում մենք ունենք առաջընթաց, բայց արդյոք այն բավարարո՞ւմ է՝ իհարկե ոչ: Այդ պատճառով մեր ինստիտուտը եկել է այս բարձր ամբիոնի մոտ և խնդրում է պաշտպանություն: Պաշտպանություն Կարեն Անդրեասյանը չունի ոչ մեկից, ներկաներից կամ որևէ մեկից, ես դա չեմ խնդրել, պաշտպանության կարիք ունի Օմբուդսմենի ինստիտուտը և դա նշանակում է՝ շահերի պաշտպանություն»,- ասաց Կարեն Անդրեասյանը և դժգոհեց, որ իրենց օրենսդրական նախաձեռնությունները մնացել են թղթի վրա:

 

Օմբուդսմենը դրական առաջարկներն ընդունելու է, հաշվի են առնելու և աշխատելու են այդ ուղղությամբ: «Եթե որևէ պատգամավոր, կառույց իր ամբիցիայից ցածր է գտնում աշխատել իմ խորհրդականների հետ, իմ աշխատակազմի որևէ իրավապաշտպանի հետ, ասե՛ք, ես կփոխեմ մյուս հանդիպումներս և կհամագործակցեմ Ձեզ հետ»,- ասաց Կարեն Անդրեասյանը և հավելեց,- «Իմ տարիքն ինձ բավականացնում է պատշաճ անելու այս աշխատանքը, և կան շատ տարեց մարդիկ և երիտասարդներ, ովքեր են այդպես էլ չեն օգնում մարդու իրավունքների պաշտպանությանը, իսկ ես իմ տարիքով, հոգեվիճակով բավական հաջող անում եմ և փորձում եմ անել ավելի հաջող»: