Հոկտեմբերի 15-ին հրապարակվեց Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, ինչից օրեր անց Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանի վերջնական դիրքորոշումը հայեցակարգի վերաբերյալ, ամենայն հավանականությամբ, կլինի 2015-ի փետրվար-մարտ ամսին:

 

Ընդդիմության հնչեցրած տեսակետների համաձայն՝ դա հետևանքն է եռյակի հանրահավաքների:

 

Լուրեր.com-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը շտապեց փարատել ընդդիմության անհանգստությունը:

 

«Ես կարող եմ փարատել ընդդիմության անհանգստությունը և եթե լիներ հակառակը, պետք է ասեին՝ միանձնյա որոշումներ է կայացնում, Սերժ Սարգսյանը շտապողականություն է ցուցաբերում: Դա շատ կարևորագույն փաստաթուղթ է՝ մեր երկրի համար թիվ մեկ փաստաթուղթն է և դա հանրային քննարկման կարիք ունի: Քաղաքական կոնսոլիդացիայի, քաղաքական ուժերի հետ քննարկումների խնդիր կա, որպեսզի ավելի լավ մարսենք: Վերջիվերջո մենք մոդելի փոփոխություն ենք առաջարկում, մի համակարգից անցնում ենք մեկ այլ համակարգի, և այդտեղ շտապողականություն ցուցաբերել պետք չէ: Եռյակն ինչ կանի, երկյակը կամ հնգյակն ինչ կանի, իմ կարծիքով, իրենց գործն է, թե իրենք ինչպես կմեկնաբանեն»,- ասաց Բաղդասարյանը՝ հավելելով. «Մենք գնում ենք մեր ճանապարհով»:

 

Պատասխանելով հարցին, թե որ կառավարման մոդելին է կողմնակից ինքը, Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Բնականաբար, այս իրավիճակում ես քաղաքական լճացում եմ տեսնում և ապագային միտված անելիքների հետ կապված մեզ անհրաժեշտ է մոդելի փոփոխություն»: