Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը կարծում է, որ եռյակի հոկտեմբերի 10-ին կայացած հանրահավաքում եղել են թերություններ: Ազգային ժողովում եռյակի նիստի ավարտից հետո լրագրողների հետ հանդիպմանը Ռուբիկ Հակոբյանն ընդգծեց, որ ժողովուրդն այդ հանրահավաքի ժամանակ միասնություն էր ակնկալում, ինչն այդքան էլ չկար: «Մենք էլ որոշակի խնդիրներ ունեինք թե՛ ժողովրդի հետ շփման, թե՛ որակի, թե՛ քանակի հետ կապված, ինչպես նաև այն առումով, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ փորձում էր ներկայացնել իր դիրքորոշումը, սակայն սա հանրահավաք էր, որը ոչ առաջինն էր, ոչ էլ վերջինը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հակոբյանը:

 

Նա ընդգծեց, որ այս հանրահավաքն ինչ-որ տեղ նախապատրաստություն էր հոկտեմբերի 24-ին կայանալիք հանրահավաքին, քանի որ իրենք արդեն հայտարարել են, որ չեն սահմանափակվելու մեկ հանրահավաքով:

 

Հարցին, թե հոկտեմբերի 24-ի հանրահավաքը վճռական է լինելու, Ռուբիկ Հակոբյանը չցանկացավ հստակ գնահատական տալ: «Ես կարծում եմ, որ սա կլինի հանրահավաք, որում երեք քաղաքական ուժեր պետք է ներկայացնեն միասնական դիրքորոշում առաջիկա քայլերով»,- նշեց նա:

 

Հակոբյանը նշեց, որ իր կարծիքով ժողովուրդն այս պահին սպասում է, որ եռյակը հանրահավաքին կներկայանա միասնական օրակարգով: «Ժողովուրդն այլևս խոսքերի հանրահավաք չի ակնկալում: Ժողովուրդը շատ հստակ ակնկալում է, որ խոսքը պետք է գործի վերածել, սակայն նաև ակնկալում է, որ այդ գործը պետք է լինի միասնական, ակնկալում է, որ այդ հարթակը եռյակի կողմից չպետք է դառնա դեբատների հարթակ, ժողովուրդն ակնկալում է, որ այդ հարթակը պետք է կարողանա ականջալուր լինել իրեն և ուղղորդել այնտեղ, որտեղ ինքը ցանկանում է»,- ընդգծեց պատգամավորը:

 

Նա տեղեկացրեց, որ ուժի մեջ է շարունակում մնալ նաև եռյակի անդամ քաղաքական ուժերի լիդերների հանդիպումը, սակայն դժվարացավ պատասխանել, թե երբ տեղի կունենա այդ հանդիպումը: