Սննդի անվտանգության պետական ծառայությունը հերքում է Հայաստանում խոզերի աֆրիկական ժանտախտի տարածման մասին լուրերը: Արձագանքելով զանգվածային լրատվամիջոցներով տարածված տեղեկատվությանը, թե մի քանի օր առաջ սարերում հիվանդացել են Նոյեմբերյան քաղաքի բնակիչներից մեկին պատկանող ավելի քան երկու տասնյակ խոզեր' ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ն հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ իրենց մասնագետները պարզել են այն անձի տվյալները, ով ենթադրաբար խոզերը մորթել և հանձնել է քաղաքի մսի վաճառքի կետերից մեկին:

 

«Տվյալ անձի, բնակիչների, համայնքը սպասարկող անասնաբույժի և այլ անձանց հետ հանդիպման և ուսումնասիրությունների արդյունքում պարզ դարձավ, որ Նոյեմբերյան քաղաքում նման դեպք տեղի չի ունեցել. ոչ մի գլուխ խոզ մոտ օրերս չի հիվանդացել, ներկայումս Նոյեմբերյան քաղաքում և հարակից համայնքներում կենդանիների անկման դեպքեր և հիվանդության մեջ կասկածվող կենդանիներ չկան, հիվանդ կենդանու միս շուկա չի հանվել: Հայաստանի Հանրապետության տարածքում բացակայում է խոզերի աֆրիկական ժանտախտը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' նշվում է հայտարարության մեջ:

 

ՍԱՊԾ-ն հորդորում է ընտանի կենդանիների հիվանդությունների հետ կապված տեղեկատվություն ունենալու դեպքում անհապաղ կապ հաստատել Ծառայության «թեժ գծով»՝ (010) 20 60 40: