Դուբայում սկսվել է Սվարովսկու բյուրեղներից 150 քմ մակերեսով ինստալյացիայի կառուցումը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:

 

Emirates 24|7 կայքի հաղորդմամբ' բյուրեղապակյա աշխարհի ամենամեծ պատի բացումը տեղի կունենա 2014 թ. վերջում: Վերջինիս կառուցումը տեղի է ունենում Դուբայի հինգաստղանի հյուրանոցներից մեկի տարածքում:

 

Բյուրեղներով դրվագազարդումը նախկինում կիրառվել էր ԱՄԷ-ի հյուրանոցներում նմանատիպ ինստալյացիաների ստեղծման ժամանակ, ինչպես նաև շեյխ Զաեդի Մեծ մզկիթում, որը գտնվում է ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբիում: Դուբայում բյուրեղներով կդրվագազարդվեն նաև երկու բնակելի երկնաքերեր՝ «Փայլուն աշտարակները» (Sparkle Towers), որոնց կառուցումը ծրագրվում է իրականացնել 2016 թ.:

 

Նախագծողները հավաստիացնում են, որ այդ բյուրեղները դիմակայում են ջերմաստիճանի կտրուկ տատանումներին, ինչը թույլ է տալիս կիրառել դրանք շինությունների արտաքին հարդարման մեջ: