Հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրվեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագիրը: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն այդ օրը խոսեց ինչ-որ փոխզիջումների մասին: Նա ասել էր. «Հաջողվել է փոխզիջման հասնել նրբանկատություն պահանջող այն հարցում, թե որ սահմաններով է Հայաստանն անդամակցելու: Այդ հարցն արդեն հանված է»:

 

Լուրեր.com-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, խոսելով կուսակցության անունից, պաշտոնապես հայտարարեց, որ այն նախնական պայմանագիրը, որը ներկայացվել էր հանրությանը, նույն ձևով, առանց որևէ փոփոխության ստորագրվել է Մինսկում:

 

«Ես Հանրապետական կուսակցության անունից պաշտոնապես հայտարարում եմ՝ այն նախնական պայմանագիրը, որը ներկայացվել էր հանրությանը, նույն ձևով, առանց որևէ փոփոխության ստորագրվել է Մինսկում: Նազարբաևը պետք է մի բան ասեր, բնականաբար, ասաց, որ ինչ-որ փոխզիջումներ կան, որը բացարձակապես նման երևույթ չկա»,- ասաց խմբակցության ղեկավարը: