Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը հարց բարձրացրեց, թե ինչու է կառավարությունն ավելի շատ տեղ հատկացնում բուհերի ընդունելությանը, քան ընդունվողներ են լինում:

 

«Գարնանը կառավարությունը հաստատել է պետական բուհերի, բուհերի ընդունելության տեղերը: 15.000 տեղի համար եղել է 13.000 դիմում, 9.000 հեռակայի համար ընդունվել է 4500 դիմում, մասնավոր բուհերում՝ 3700 տեղից ընդունվել է 43 հոգի: Այս պետական բիզնես ծրագրի 10.000 թիվ չի լրացվել: Մեր ժամանակ կոնկուրս է եղել բոլոր տեղերում, առաջին տարին է, որ դիմորդների տեղերն ավելի քիչ են, քան նախատեսված տեղերը: Խնդրում եմ ասեք՝ ինչպես բացատրել բուհերում վարվող քաղաքականությունը, կա՞ արդյոք սրան բացատրություն: Ապրիլին այլ թվեր են, հոկտեմբերին՝ լրիվ ուրիշ թվեր»,- ասաց Արամ Մանուկյանը:

 

Հարցին պատասխանեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ով խորհուրդ տվեց հեռախոսախույզով ճշտած տվյալների փոխարեն ինֆորմացիա ստանալ նախարարությունից: «Ես տեղյակ եմ, որ զանգել եք ռեկտորներին և երևի ամբողջական տվյալներ չեք ստացել, ոտքի վրա թվեր եք գումարել և սիրողական բնույթի գնահատականներ եք տալիս: Արդեն չորրորդ տարին է, որով մենք հեշտացնում ենք ընդունելությունը: Կառավարությունը դիտավորյալ ավելի շատ տեղ է դնում, սա լրջագույն հոգեբանական ազդեցություն է թողնում ծնողների մոտ»,- ասաց նախարարը:

 

Աշոտյանին ի պատասխան՝ Արամ Մանուկյանն ասաց, որ երեք տեղից թիվ են ստացել, երեքն էլ տարբեր: Ձեզ մոտ չկա միասնական համակարգ: Դուք նպատակային ոչնչացրիք մասնավոր բուհերը: Տասը հազար հեռակայի տեղ եք դրել. հեռակայով բժիշկ չեն դառնում, իրավաբան չեն դառնում»,- ասաց Արամ Մանուկյանը:

 

Աշոտյանը՝ պատասխանելով Արամ Մանուկյանի հավելմանն, ասաց, որ ինքը գիտի, որ այստեղ կա մասնավոր շահ: «Մարդկանց տվել եք թղթի թափոններ: Հիմա մեզ դիմում են տարբեր երկրներից, ասում են՝ այսպիսի թուղթ եք ստացել, դա ի՞նչ է: Լավ է՝ Լևոն Տեր-Պետրոսյանի անվամբ համալսարան չեք բացել: Այնքան խեղված ճակատագրեր կան այդ մասնավոր բուհերից: Մասնավոր բուհերի նպատակն ինքնանպատակ չէ, պետք է լինի մրցունակ»,- նկատեց ԿԳ նախարարը:

 


Տեսանյութը՝ 1in.am