Եվրոպական Միությունը շարունակում է Հայաստանի համար կարևոր գործընկեր մնալ: Այս մասին Ազգային Ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ նշեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանի հարցին:

 

«Եվրամիության հետ մեր հարաբերություններն ընդգրկում են բազմաթիվ ոլորտներ, պարբերաբար անցկացվում են Հայաստանի և Եվրամիության միջև ստեղծված այնպիսի ինստիտուցիոնալ կառույցների հանդիպումներ, ինչպիսիք են Համագործակցության խորհուրդը, Համագործակցության կոմիտեն, 4 ենթակոմիտեներն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ԱԳ նախարարը:

 

Նա ընդգծեց, որ Հայաստանը ընդգրկված է բազմակողմ պլատֆորմների աշխատանքներում, նաև ընդգրկված է 1 տասնյակից ավելի փորձագիտական խմբերում' այնպիսի հարցերով, ինչպիսիք են ժողովրդավարությունը, արդարադատությունը, կրթությունը, մշակույթը, էներգետիկան: «Մենք ակտիվորեն համագործակցում ենք նաև շարժունակության ոլորտում»,- ընդգծեց Նալբանդյանը:

 

Անդրադառնալով պատգամավորի դիտարկմանը, թե 2013թ. սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանի և ԵՄ-ի հարաբերություններում հետընթաց է գրանցվել՝ Նալբանդյանը հիշեցրեց, որ այս տարվա հունվարից ուժի մեջ է մտել ԵՄ-ի և Հայաստանի միջև վիզաների դյուրացման վերաբերյալ համաձայնագիրը, մարտից' համաձայնագիրը, որը հնարավորություն է տալիս Հայաստանին մասնակցել ԵՄ տարբեր ծրագրերին և ԵՄ տարբեր գործակալությունների աշխատանքներում:

 

«Դուք գիտեք, որ 2013թ. նոյեմբերի վերջին, Վիլնյուսի գագաթնաժողովի ժամանակ համատեղ հայտարարություն ընդունվեց Հայաստանի ու Եվրամիության միջև , ինչպես նաև նամակների փոխանակում կատարվեց Եվրամիության ներկայացուցիչ Էշթոնի և Հայաստանի արտգործնախարարի միջև, որտեղ հանձնառություն հայտնվեց շարունակել համագործակցությունը այն բոլոր հնարավոր ոլորտներում, որոնք ներկայացնում են փոխադարձ հետաքրքրություն»,- հիշեցրեց ԱԳ նախարարը:

 

Նա ընդգծեց, որ Հայաստանը շարունակելու է համագործակցությունը և աշխատանքները ԵՄ նոր ղեկավարության հետ՝ ձևավորելու համար հարաբերությունների իրավական հիմքերը: «Առաջիկա երկու ամիսների ընթացքում մի քանի փուլ է նախատեսված: Արդեն նոյեմբերի սկզբին Բրյուսել կայցելի Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, որտեղ կքննարկվեն առևտրատնեսական ոլորտում համագործակցության ուղիների հետ կապված հարցերը:

 

Նոյեմբերի երկրորդ կեսին տեղի կունենա առևտրի հարցերով կոմիտեի նիստը, ինչպես նաև Արևելյան գործընկերության շրջանակներու մ բարձր պաշտոնյաների հանդիպումը, իսկ դեկտեմբերին՝ նախարարական մակարդակով Հայաստան-ԵՄ խորհրդի նիստը: Այս ամենը մեզ հնարավորություն կտա բոոր հնարավոր ոլորտներում շարունակել երկխոսությունը Եվրամիության հետ»,- նշեց Նալբանդյանը:

 

Պատգամավորի դիտարկմանը, թե արդյոք այսքանը բավարար կլինի թույլ տալու համար, որ Հայստանը և ԵՄ-ն կարողանան ստորագրել Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը, որը թույլ կտա իրականացնել համատեղ բարեփոխումները, նախարարը պատասխանեց. «Ես կարող եմ ասել միայն, որ Հայաստանը պատրաստ է շարունակել համապարփակ համագործակցությունը Եվրամիության հետ բոլոր այն հնարավոր ուղղություններով և ձևաչափերով, որոնք չեն հակասում մեր այլ պարտավորություններին այլ ինտեգրացիոն գործընթացներում»,- եզրափակեց նախարարը: