ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Հայաստանում իշխանափոխության որևէ հիմք չի տեսնում: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Հովիկ Աբրահամյանը նշեց, որ իշխանափոխությունը միայն ասելով չի լինում. դրա համար հիմքեր են պետք:

 

«Ես այս պահին իշխանափոխության հիմքեր չեմ տեսնում: Ի՞նչ պահանջներ ունի ընդդիմությունը: Պետք է հիշե ցնեմ, որ ընդդիմության ներկայացրած 12 կետերին էլ մենք գրավոր պատասխանել ենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց վարչապետը՝ հավելելով, որ կառավարությունն այսօր ակտիվորեն աշխատում է, և պետք է էլ ավելի ակտիվ և արդյունավետ աշխատի։

 

Նա ընդգծեց, որ որևէ ճգնաժամ չի տեսնում, հակառակը՝ տեսնում է ավելի ընդգրկուն համագործակցություն քաղաքացիական հասարակության, քաղաքական ուժերի և խորհրդարանական խմբակցությունների հետ։ «Ես նրանց այսօր էլ եմ կոչ արել, որ միասին աշխատենք։ Եթե իրենց նպատակն է մեր ժողովրդի, մեր երկրի առջև ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերներին լուծում տալը, ապա ես դա տեսնում եմ միայն միասնական ձևով»,- շեշտեց Հովիկ Աբրահամյանը։