Հոկտեմբերի 22-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Ապարանի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 19.50-ի սահմաններում, հարձակում են գործել պահակետում պահպանություն իրականացնող ոստիկան Վարդան Գևորգյանի վրա, դանակով սպառնացել, այնուհետև փայտով հարվածել գլխին, ուշագնաց արել և հափշտակել նրա մոտ գտնվող «Մակարով» տիպի ատրճանակը ու դիմել փախուստի: Անմիջապես դեպքի վայր է մեկնել ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանի գլխավորած օպերատիվ խումբը, որի կազմում՝ նաև ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողներ:

 

Օպերատիվ խումբը, համագործակցելով Դատախազության և ԱԱԾ ծառայողների հետ, պարզել է, որ հարձակում գործողը Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի բնակիչ, 1985 թ. ծնված Սևակ Իսպիրյանն է: Քուչակ գյուղի մերձակա դաշտում իրավապահներին հաջողվել է հայտնաբերել նրան, բայց Իսպիրյանը կրակոց արձակելով՝ փախել է գյուղ և թաքնվելով իր տանը՝ սպառնացել տունը շրջապատած ոստիկաններին: Անցանկալի հետևանքներից խուսափելու նպատակով սկսված և շուրջ 2 ժամ տևած բանակցությունների արդյունքում հաջողվել է Իսպիրյանին համոզել, որ հանձնի զենքը և անձնատուր լինի:

 

Իրավապահների հմուտ գործողությունների շնորհիվ ոչ ոք չի տուժել:

 

Հարուցվել է քրեական գործ:

 

Սևակ Իսպիրյանը ձերբակալված է:

 

Կատարվում է քննություն: