Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական մոնիթորինգի կենտրոնի տեղեկացմամբ, Սիրիայում «Իսլամական պետության» դեմ ԱՄՆ-ի գլխավորությամբ օդային հարվածների հետևանքով 553 մարդ է զոհվել, այդ թվում՝ 32 խաղաղ քաղաքացիներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, զոհերից 464-ը ԻՊ-ի անդամներ են: Սպանվածներից 57-ը «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման անդամներ են, որոնք «Ալ Կաիդա»-ի ճյուղ են կազմում: Ինչ վերաբերում է զոհված քաղաքացիներին, ապա նրանց թվում կան 6 երեխա և 5 կին:

 

Վիճակագրական տվյալների համաձայն՝ միջազգային դաշինքի օդանավերը ռմբակոծել են ԻՊ-ի դիրքերը Հալեպի, Դեր Զորի, Իդլիբի, Ռակկայի և Հասաքեի մարզերում:

 

ԱՄՆ-ը Իրաքում ռազմական գործողություններ սկսել է օգոստոսից, իսկ Սիրիայում' սեպտեմբերի վերջից: ԱՄՆ-ին օժանդակել են ավելի քան 50 երկիր, որոնց նպատակն է ոչնչացնել ԻՊ-ն: «Իսլամական պետությունը» համարվում է խոշորագույն ահաբեկչական կազմակերպություններից մեկն աշխարհում: Կազմակերպությունը 2014թ. հունիսին հայտարարել է Իսլամական խալիֆաթ ստեղծելու մասին, որը կընդգրկի Հալեպից մինչև Իրաքի Դիյալա ընկած տարածքները: Խալիֆա է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին: Կազմակերպությունը կարճ ժամանակում վերահսկողության տակ է վերցրել Սիրիայի և Իրաքի հսկայական տարածքներ: