ԱՄՆ-ը ձեռնամուխ է եղել իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլից 50 կմ հյուսիս գտնվող «Հարիր» օդանավակայանում նոր ռազմական բազա ստեղծելու գործին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Bus News իրաքյան լրատվական գործակալությունը:

 

«Հարիր քաղաքի իշխանությունները օդանավակայանում բիզնես դրած առեւտրականներին եւ ձեռնարկատերերին հանձնարարել են մեկ շաբաթվա ընթացքում դադարեցնել աշխատանքները եւ ազատել տարածքը», -գործակալությանը հայտնել է Էրբիլի աղբյուրը:

 

Աղբյուրը հաստատել է, որ ամերիկացի զինվորականները մտադիր են «Հարիր» օդանավակայանն օգտագործել որպես ռազմաբազա, քանի որ այն շատ հարմար դիրք ունի Իրաքում եւ Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման տեղափոխություններին հետեւելու համար:

 

Ավելի վաղ «Հարիր» օդանավակայանը ԱՄՆ-ն օգտագործել է 2003 թվականին' Իրաք ներխուժելու եւ Սադամ Հուսեյնի վարչակարգը տապալելու նպատակով:

 

«Հարիր» ռազմական օդանավակայանը կառուցվել է անցյալ դարի 70-ական թվականներին եւ իրաքյան ավիացիայի կողմից օգտագործվել 1980-1988 թվականներին' իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ:

 

Մերձավորարեւելյան իրադարձություններին հետեւելու համար ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն օգտվում էին Թուրքիայի տարածքում գտնվող «Ինջիրլիք» ռազմական ավիաբազայից: Սակայն, ամեն անգամ Թուրքիան անհեթեթ պատճառաբանություններով խոչընդոտում կամ արգելում է ամերիկյան ուժերին օգտվել այդ բազայից: