Հայաստանում պաշտոնավարած բոլոր իշխանություններն ու գործող բոլոր կուսակցությունները, ծրագրերի մակարդակով, ազգային միանությունն ու հասարակական համաձայնությունը համարում են գերակա:

Իհարկե, այդ բանաձևերը յուրաքանչյուրը գնահատում է սեփական քաղաքական օրակարգի տրամաբանությամբ:

Օրինակ, իշխանության համար, մեծամասամբ, այդ նույն հասարակական համաձայնության հրամայականը հառնում է, երբ երկիրը կանգնում է արտաքին ու ներքին լուրջ մարտահրավերների առաջ:

Օրինակ, երբ ընտրությունները կեղծվում են, ու ընդվզում է լինում, իշխանությունները կարևորում են հասարակական համաձայնությունը, որպեսզի արտաքին թշնամին չառիթավորվի՝ մոռանալով, իհարկե, որ հասարակական համաձայնության ամենաօպտիմալ ու բնական դրսևորումը հենց օրինական ու արդար ընտրություններն են:

Հասարակական համաձայնությունն իրական է, եթե իր հիմքում ունի արժանապատիվ քաղաքացուն, իսկ ընտրությունից զրկված քաղաքացիների համախմբումը շատ նման է խորհրդային «պառադներին», որոնցում միասնությունը չուներ բովանդակություն:

Երբ օգոստոսին սահմաններում վիճակը լարված էր, պարզվեց, որ ազգային միասնության ընկալումը մեզանում նույնպես այսբերգային, մակերեսային է. սահմանամերձ գյուղերում «Ջիփերի» նման առատություն չէր եղել, մեծ ու փոքր պաշտոնյան վազում էին սահմանամերձ որևէ գյուղ՝ զինվորական համազգեստով՝ զինվորի հետ լուսանկարվելու, «երկրապահացման» իրենց «աստեղնային» ժամն ապրելու համար:

Տավուշեցին, սյունեցին այսօր դարձյալ մենակ են, ու նրանց «ազգային միասնությունը» կրկին դարձել է իրենց դատարկվող ու ծերացող գյուղը:

Ընդդիմության «հասրակությունն» էլ միայն հրապարակում հավաքված մի քանի հազար մարդիկ են, որոնց համաձայնության բանաձևը «Սերժիկ/Լևոն/Ռոբերտ, հեռացիր»-ն է:

Այդ «հասրակությունից» դուրս ապրողներն ընդդիմության համար հարմարվողներն են, իշխանությանը ծախվածները:

Այսինքն՝ մենք չունենք Հայաստանի միասնականության, ընդհանրականության ինչ-որ տեսլական:

Ու չենք էլ կարող ունենալ, որովհետև, եթե հասարակության 40%-ն աղքատ է, խոհրդարանում չի կարող լինել 19 միլիոնատեր: Սա ոչ միայն կոնտրաստ է, այլ ապացույց այն բանի, որ ԱԺ-ն չի արտահայտում հասարակական տրամադրությունները:

 

Երբ իշխանությունը նույնանում է փողի, իսկ դրանից դուրս գտնվողն՝ աղքատության հետ, հասարակության կոնսոլիդացիայի ու միավորիչ արժեհմակարգի մասին խոսելը տեղին չէ:

 

Երբ լուսավոր Հայաստանի խոստումը տվողները մեկ նախաճաշի վրա ավելի շատ գումար են ծախսում, քան նրանց հետևից պայքարի ելած քաղաքացին՝ մեկ ամսվա ընթացում, դարձյալ անտեղի է խոսել հարթակի ու հրապարակի ներդաշնակության մասին:
Ես դասակարգային պայքարի կոչ չեմ անում:

 

Քավ լիցի:

Ուղղակի արձանագրում եմ, որ զոռբան ու նվաստացածը, բիրդան դարձած հարուստն ու «էստի համեցեք» կանչողը խոսելու շատ քիչ բան ունեն, ընդհանուր թեմա գրեթե չունեն:

Հասարակական համաձայնությունն ու ազգային միասնությունն, ըստ այդմ, նման են բաժակաճառերի՝ յուրաքանչյուրի համար իրեն հատկացված մենյուով:

 

Իսկ իրականության մեջ հայաստանների բախումն է՝ արքունիքի ու հասրակության հակադրությունը:

 

Սուրեն Սուրենյանց