Հինգշաբթի Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը (SOCAR) պատկանող Կասպից ծովում գտնվող «Նարիմաննեֆտ» նավթագազային արդյունահանման ընկերության թիվ 441 հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով SOCAR-ի երեք աշխատակիցներ զոհվել են, մեկն անհայտ կորել:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը, վերանորոգման աշխատանքներ կատարելու ժամանակ հանքահորի հարթակի կառուցվածքը փլուզվել եւ ընկել է 700 մմ տրամագծով գազատարի վրա, ինչը վնասել է այն եւ հրդեհ առաջացրել:

 

Միջադեպի պահին հարթակի վրա գտնվել են 41 նավթագործներ, որոնցից 37-ին հաջողվել է էվակուացնել: Չորս բանվորներ համարվում էին անհայտ կորած, սակայն այսօր SOCAR-ը եւ Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ' նշելով, որ հայտնաբերվել են վթարի արդյունքում մահացած երեք բանվորների մարմինները: Նրանց մարմինները փրկարարները գտել են ծովի հատակին եւ դուրս բերել ափ: Եւս մեկ անհայտ կորած աշխատակցի որոնումները շարունակվում են: