Կին-իրավապաշտպանների միջազգային կոալիցիան Լեյլա Յունուսի թեկնածությունը ներկայացրել է 2015 թվականի համար խաղաղության Նոբելյան մրցանակի:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը, այդ առնչությամբ կոալիցիայի մամուլի տեղեկագրում ասվում է, որ Լեյլա Յունուսը հանդիսանում է Ադրբեջանի առավել ակտիվ իրավապաշտպաններից մեկը, ով մասնակցում է խաղաղարար ծրագրերին, պաշտպանում է քաղաքացիների սեփականության, ինչպես նաեւ քաղաքական բանտարկյալների իրավունքները:

 

«Այդ բոլորի համար նա մեծ գին է վճարում. նա կալանավորվել է հուլիսին, իսկ մի քանի օր հետո կալանավորվել է նաեւ նրա ամուսինը: Կալանավայրում նա ենթարկվում է խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի: Լեյլա Յունուսը ծանր հիվանդ է, իսկ նրան զրկում են անհրաժեշտ բուժումից», -նշված է դիմումում:

 

«Ռուտգերս» համալսարանի գենդերային խնդիրների կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Շառլոտ Բանչը նշել է, որ հենց Լեյլա Յունուսի խիզախությունն է նրան բացառիկ դարձնում: «Չնայած կալանավայրում գտնվելու պայմաններին, նա մնում է հաստատակամ քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանության հարցում», -ասել է նա:

 

Շ.Բանչը հավելել է, որ Լեյլա Յունուսի թեկնածությունը Նոբելյան մրցանակի ներկայացնելը մեծ պատիվ է եւ վկայում է այն մասին, որ միջազգային հանրությունը ուշադրությամբ հետեւում է նրա գործին:

 

Կին-իրավապաշտպանների միջազգային կոալիցիայի մամուլի տեղեկագրում ասվում է, որ այդ անվանակարգումը նաեւ ցուցադրում է այլախոհությունը սահմանափակելու նպատակով Ադրբեջանի իշխանությունների վնասակար ռազմավարությունը: Կին-իրավապաշտպանների կոալիցիան Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում անհապաղ ազատ արձակել քաղաքական դրդապատճառներով ձերբակալված Լեյլա Յունուսին եւ նրա ամուսնուն:

 

Կոալիցիան նաեւ դիմում է Ֆրանսիայի նախագահին' Փարիզում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ կոչ անել ազատ արձակել Յունուս ամուսիններին:

 

Հայտնի է դարձել, որ ադրբեջանական դատարանն այսօր Լեյլա Յունուսի ձերբակալության ժամկետը եւս 4 ամսով երկարաձգելու որոշում է ընդունել: Այս մասին հայտնել է Լեյլա Յունուսի փաստաբան Էլչին Գամբարովը' նշելով, որ դատարանը որոշել է Լեյլա Յունուսի ձերբակալության ժամկետը երկարաձգել մինչեւ 2015 թվականի փետրվարի 28-ը:

 

Լեյլա եւ Արիֆ Յունուս ամուսինները ձերբակալվել են պետական դավաճանության եւ այլ մտացածին հանցագործությունների մեղադրանքներով: Նրանց փաստաբանները պնդում են, որ այդ մեղադրանքները ոչնչով հաստատված չեն: Amnesty International կազմակերպությունը նրանց «խղճի բանտարկյալներ» է ճանաչել: