ԱՄՆ-ում իրենց հեղինակությունը վերականգնելու համար Ադրբեջանի իշխանությունները վարձել են Հանրապետական կուսակցության նախկին խորհրդական և քաղաքական ստրատեգ Լիզ Մայերին' 6 ամիս ժամկետով պայմանագիր կնքելով նրա հետ այն մասին, որպեսզի վերջինս հասարակայնության հետ կապերի գծով իր Mair Strategies ընկերության միջոցով, լուսաբանելով Ադրբեջանի մասին նորությունները, կարողանա ազդել ԱՄՆ-ի լայն հասարակության և կառավարության տարբեր չինովնիկների վրա: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի կայքը:

 

Կայքը հայտնում է, որ Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատունն արդեն ստորագրել է պայմանագիրը և պարտավորվել նշված ընկերությանն ամսական 15 հազար դոլար վճարել:

 

Հոդվածում նշվում է, որ Ադրբեջանը գնացել է այդ քայլին, քանի որ մարդու իրավունքների ոլորտում եղած տխուր իրավիճակի պատճառով երկիրն արևմտյան չինովնիկների, վերլուծաբանների և իրավապաշտպան կազմակերպությունների կողմից ենթարկվում է աճող սուր քննադատությունների:

 

Ըստ հոդվածի' «Կայունության եվրոպական նախաձեռնություն» (European Stability Initiative) կազմակերպության համաձայն' Եվրոպայի Խորհրդի նախարարների խորհրդում Ադրբեջանի նախագահության ժամանակաշրջանում ադրբեջանական իշխանությունները կտրուկ ուժեղացրել են քաղաքացիական հասարակության դեմ բռնաճնշումները: Դրա հետ միաժամանակ, Ադրբեջանի իշխանությունները փորձում են երկիրը ներկայացնել որպես ԱՄՆ-ի և Եվրոպայի կարեւոր դաշնակից, ինչպես նաև կարևորագույն խաղացող' էներեգտիկ անվտանգության ապահովության ոլորտում:

 

Ըստ հոդվածի' սակայն, քննադատները Բաքվին մեղադրել են երկրում մարդու իրավունքների բնագավառում տխուր իրավիճակից ուշադրությունը շեղելու համար Ուկրաինայում ճգնաժամն օգտագործելու, այդ թվում' վերջին ամիսներին լրագրողների, իրավաբանների և կառավարության այլ քննադատների նկատմամբ բռնաճնշումներն ուժեղացնելու մեջ:

 

Հոդվածում հիշեցվում է, որ 2013 թվականին ԱՄՆ-ում շահերի լոբբինգի գծով Ադրբեջանը գտնվել է 10-րդ տեղում, Sunlight Foundation կազմակերպության հետզոտությունների համաձայն' ծախսելով գրեթե 2,3 մլն դոլար: Նշվում է նաեւ, որ Ադրբեջանն ամսական 50 հազար դոլար վճարելու պայմանով պայմանագիր է ստորագրել Վաշինգտոնում հայտնի The Podesta Group լոբբիստական ընկերության հետ: