Ես ճիշտ էի կանխատեսել. վաղը ոչ միայն նոր Հայաստանում չեմ արթնանալու, այլ նաև ամբողջովին «վայելելու» եմ այսօրվա Հայաստանի իրականությունը: Մեզանում ոչ ոք չի փոխվում՝ ո’չ իշխանությունը, որը կարծում է, թե ամենազոր է, ո’չ ընդդիմությունը, որը հազար անգամ գնում է դատապարտված ճանապարհով՝ դասեր չքաղելով ո’չ անցյալից, ո’չ էլ փոխվող աշխարհից:

Քիչ առաջ ավարտված հանրահավաքը տեսածներիս մեջ դժգույններից մեկն էր:

Նախորդի համեմատ՝ մարդկանց թիվը ոչ միայն չէր աճել, այլ նույնիսկ պակասել էր, եթե նույնիսկ Արամ Մանուկյանը կամ որևէ այլ մեկը փորձում է նախ իրեն, ապա նաև մյուսներին համոզել, որ հրապարակում հարյուր հազար մարդ կա:

Հանրահավաքի հարթակը ավելի միասնական չէր դարձել՝ դարձյալ նախորդի համեմատ:

Էլի մյուսների թիրախը Րաֆֆի Հովհաննիսյանը դարձավ, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանը խոսեց ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին՝ «անշրջելիության» իր թեզը հիմնավորելու համար, իսկ Գագիկ Ծառուկյանն էլ հայտարարեց, որ ոչ մի նստացույց էլ այսօր չի լինելու՝ չնայած որ «Ժառանգության» ղեկավարի սիրտը կրկին նստացույց, իսկ գուցե նաև հացադուլ էր ուզում:

Առաջին նախագահն այսօր նույնիսկ իր ոճից դուրս եկավ՝ իրեն ոչ բնորոշ բառապաշարով հավաքվածներին մատուցելով մի քանի անեկդոտ: Այնպիսի տպավորություն էր, որ Տեր-Պետրոսյանը մտածված անլրջացնում, «ջրիկացնում» է հանրահավաքը, որովհետև իր ելույթը չէ հիմնականը: Մի պահ էլ թվաց, թե ՀԱԿ առաջնորդը պահանջում է ոչ թե Սերժ Սարգսյանի իշխանության, այլ՝ Եռյակին չմիացած, իր բնորշմամբ, «լուսանցքային» ընդդիմության հրաժարականը: Րաֆֆին էլ խոսում էր ամեն բանից ու ոչնչից:

Գագիկ Ծառուկյանի «ծրագրային» ելույթն ակնհայտորեն չստսցվեց, ընդ որում՝ ելույթի առաջին՝ բանավոր մասն ավելի անկեղծ ու անմիջական էր, քան գրավորը, որը ԲՀԿ նախագահի կողմից ընթերցվում էր ոչ համոզիչ շեշտադրումներով:

Միակ առարկայական բանը, որ իմացանք, այն էր, որ հանրապետությունով մեկ միասնական շտաբներ են ձևավորելու: Մեր ընդդիմությունը նման բան միշտ հայտարարել է, երբ Երևանում իր անելիքը չի իմացել, ժամանակ շահելու խնդիր է ունեցել:

Գագիկ Ծառուկյանը խոսեց նաև արտահերթ ընտրության մասին, սակայն ոչ թե որպես այս հանրահավաքի պահանջ, այլ հնարավոր հեռանկար, եթե իշխանությունը չկատարի իրենց առաջ քաշած պահանջները: Ոչ մեկը, բնականաբար, չհակաճառեց ու չասաց, որ մի անգամ՝ մինչև սեպտեմբերի 30-ը, այդ ժամանակն իշխանությանն արդեն տրվել է, սակայն նույն այդ իշխանությունը, ժամանակակից քաղաքագիտական լեզվով ասած, «գրողի ծոցն» է ուղարկել ընդդիմության 12 պահանջները:

«Ճանապարհային քարտեզի» մասին ոչինչ չիմացանք կամ իմացանք այնքան, ինչքան երեկ գիտեինք, նույնիսկ հաջորդ հանրահավաքի օրը չիմացանք, որովհետև «միասնական» հարթակը այդ հարցը դեռ չի համաձայնեցրել:

… Վաղը հաստատ նույն Հայաստանում եմ արթնանալու, որտեղ իշխանությունն ու ընդդիմությունն իրար վրա ղժում են, բայց իրար շատ սազում են:

Սուրեն Սուրենյանց

Լուսանկարը` News.am