Մեծ Բրիտանիայի արդարադատության նախարարությունը հաղորդել է վերջին չորս տարվա ընթացքում սխալմամբ մոտավորապես 200 բանտարկյալների ազատման մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

Գերատեսչության տվյալներով՝ ազատ արձակվածներից շատերը դատապարտված էին օրենքի լուրջ խախտումների համար, դրանց թվում եղել են սեռական բնույթի հանցագործություններ եւ կողոպուտներ:

 

Զեկույցում նշված սխալների պատճառների թվում են վաղաժամկետ ազատման պայմանները խախտած դատապարտյալների կրկնակի կալանավորման հետ կապված խնդիրները, ձերբակալման կարգադրագրերի շուրջ խառնաշփոթը եւ բանտարկության ժամկետի սխալ հաշվարկը:

 

Նախարարության ղեկավար Էնդրյու Սելուն պնդում է, որ նման միջադեպեր հաճախ չեն տեղի ունենում եւ մանրակրկիտ հետաքննվում են:

 

Արդարադատության նախարարությունը հաշվետվության մեջ չի նշում, թե դրանում հիշատակված կալանավորներից քանիսն են վերադարձել ազատազրկման վայրեր: