2011-ին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանըհրապարակայնացրեց իր քաղաքագիտական վերլուծությունը, առաջ քաշեց «բուրժուա-դեմոկրատական հեղափոխության» թեզը, թերևսայն պատկերը նկատի չուներ, ինչը երեկ տեսանք Ազատության հրապարակում:

 

Չնայած արդարությունը հուշում է ասել, որ առաջին նախագահն իր տեսությունը, ներքաղաքական խճանկարի իր տեսլականը ներկայացրեց մի պահի, երբ 2007-ից մեկնարկած համաժողովրդական շարժումն արդեն ապրում էր ճգնաժամ՝ ինստիտուցիոնալ, նոր գաղափարների, թարմ դեմքերի, վառ անհատականությունների: Այսինքն՝ դա արդեն հասարակության պատվիրակի, 2008-ի ընտրություններով քաղաքական լեգիտիմություն ստացած շարժման առաջարկ չէր, այլ՝ Տեր-Պետրոսյանի կողքին հարթակում մնացած փոքրաթիվ մի խմբի, որը փորձում էր համակարգի սեգմենտներից մեկի աջակցությամբ ինտեգրվել նույն այդ համակարգին: Մի խոսքով՝ Տեր-Պետրոսյանը ոչ թե Գագիկ Ծառուկյանին հրապարակ էր հրավիրում, այլ սակավաթիվ հրապարակի համատեքստում կապիտուլացվում էր նրա առաջ՝ ակնկալիքով, որ ներհամակարգային պայքարում ԲՀԿ-ի կողմից կստանա իր «փայը»:

 

Ոչ ոք ավելի լավ, քան Տեր-Պետրոսյանը, չի հիմնավորել, որ Հայաստանում, դասական իմաստով, բուրժուազիա չկա. կա մարդկանց խումբ՝ մեծահարուստների, օլիգարխների, ովքեր տնտեսության տարբեր ոլորտներում իշխանության կողմից ստացել են իրենց «բոնուսը»՝ այս կամ այն ծառայությունը կատարելու դիմաց:

 

Ըստ այդմ, Տեր-Պետրոսյանի առաջարկը սուբյեկտային հասցեագրման տեսանկյունից հասցեագրված էր ոչ թե բուրժուազիային, այլ համակարգի ակտիվ «խաղացողներից» մեկին, ով գործող համակարգի ներսում իր ազդեցությունը մեծացնելու խնդիր է լուծում:

 

«Դեմոկրատների» ու «բուրժուաների» միավորման ու նոր պայքարի խորհրդանիշն, ըստ այդմ, Ազատության հրապարակը լինել չի կարող, որովհետև այն նրանց համար նույնքան խորթ է, ինչքան այն մարդկանց, ովքեր համակարգի այսօրվա դրվածքից գոհ են ու վայելում են լիակատար իշխանության վայելքները:


Եռյակ-քառյակը ֆոն է, ցուցանակ՝ քողարկելով այն իրողությունը, որ ընթացող պայքարը ոչ մի աղերս չունի ոչ հասարակության պատվերի, ոչ էլ՝ նրա տրամադրությունների հետ: Այս գործընթացումհասարակությունն ընդամենը գործիք է, ռեսուրսային պայքարի տրամաբանության մեջ օգտագործվող «կրիտիկական զանգված»:


Ոչ թե հարթակն է ծառայում հրապարակում կանգնած մարդուն, այլ հակառակը, որովհետև ներհամակարգային պայքարի տրամաբանությունը չի կարող հանգեցնել ազատության կամ կյանքի որակի բարելավման:


Հայաստանում գործում է քրեաօլիգարխիկ իշխանություն, նրան հակադրվում է նույն բնույթի մի համակարգ, որի անունն ընդդիմություն է:

 

Իշխանության ռաբիսությունը քողարկվում է պետական ցուցանակով, Եռյակը գրավիչ մի բան էր երևում, երբ հերոսի դերում հանդես էին գալիս այս միավորման խորհրդարանական ներկայացուցիչները՝ քիչ թե շատ քաղաքակիրթ կերպարով:


Ազատության հրապարակը շատերին է բացահայտել, բացահայտեց նաև Եռյակին, ու բոլորս տեսանք, որ քաղաքագիտական հայտնի վերլուծության հետևանքը «ռաբիս հեղափոխության» հեռանկարն է՝ առաջին նախագահի անեկդոտային բաղկացուցիչով:

 

Երրորդ հանրապետության առաջին նախագահին այլ բան չէր մնացել, քան ծաղրել մարդկանց, ովքեր դեռ հավատում են, որ Յուվեցի Կարոյի կամ Բելաջոյի Գրիշի հետ հնարավոր է իրականացնել «բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն»…



Սուրեն Սուրենյանց